Վաշինգտոնում փակվել է USAID-ի կենտրոնակայանը, ցուցանակը հանել են

Մանրամասներ
USAID մզգ

ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով` ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE, այն ղեկավարում է Իլոն Մասկը) աշխատակիցներն արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին:

Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։

Արևմտյան ԶԼՄ-ները հունվարի 28-ին հայտնել էին, որ Թրամփի վարչակազմն արձակուրդ է ուղարկել USAID-ի շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց այլ երկրներին օգնություն տրամադրելը: