Հայաստանի Հանրապետությունում չկա մի սահմանային միլիմետր, որն ավելի կարեւոր լինի, քան մյուսը։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատումը պետք է լինի ամբողջական, համաչափ եւ համապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։
Նրա խոսքով՝ Տավուշի մարզի հյուսիսային հատվածից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու պայմանավորվածությունը նպատակ ունի իրականացնել ամբողջական սահմանազատում, այլ ոչ թե մասնակի, ինչի մասին պնդում է ընդդիմությունը։ «Սահմանազատման սկզբունքները ցույց են տալիս, որ պետք է անցնել ամբողջական սահմանազատման։ Մենք պարզապես ցանկանում ենք ամբողջությամբ ավարտին հասցնել պետական սահմանի այս հատվածի գործընթացը»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա ավելացրել է, որ կան օկուպացված տարածքներ, որոնք պետք է ապաօկուպացվեն հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման տրամաբանության շրջանակում։ «Աստիճանաբար անցնելու ենք պետական սահմանի մյուս հատվածների սահմանազատմանը»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորը վստահեցրել է, որ Տավուշի մարզում պետական սահմանի գծանշումն իրականացվելու է այնպես, որ տեղի բնակիչներն իրենց անվտանգ զգան։
Հիշեցնենք, որ սահմանազատման առաջին փուլում, երբ 4 գյուղ հանձնվեց Ադրբեջանին, կառավարող ճամբարը վստահեցնում էր, որ այս զիջումը թույլ կտա գործընթացը շարունակել ավելի շահեկան դիրքերից, մասնավորապես Ջերմուկի հատվածում, որտեղ օկուպացված է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։
0Comments