Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական «Տատյան» մասնավոր վարժարանի վրա հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել։ «Ակունք»–ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։
Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը, նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։
Կասկածյալները մինչ այդ զանազան հանցագործությունների հեղինակ են եղել։ Կասկածյալներից Յ․Չ․-ն հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա թղթապանակն ուղարկվել է արդարադատության համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է մյուս կասկածյալին, ապա Շ․ Ք․-ն հանձնվել է դատական ատյաններին՝ «գույքին վնաս հասցնելու», «ընդհանուր անվտանգությունը դիտումնավոր կերպով վտանգի ենթարկելու» և այլ մեղադրանքներով։
0Comments