Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

Մանրամասներ

Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում, շաբաթ օրը հրապարկվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացման մասին օրենքի տեքստը, հաղորդում է Anadolu-ն։     

Օրենքի համաձայն՝ հաստատվում է 2022 թվականի հուլիսի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրին Ֆինլանդիայի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը։ 

Օրենքն ուժի մեջ է մտնում Resmi Gazete-ում հրապարակման օրվանից:

Մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը:

Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 30 անդամների կողմից արձանագրության հաստատման գործընթացն ավարտվել է։ Պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը: