Չնայած պաշտոնապես շարունակվող ժխտողական քաղաքականությանը՝ Թուրքիան առաջիներկիրն է, որ սեփական դատավարությունների միջոցով փաստացի ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը։
1918 թվականին` Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, Օսմանյան նոր կառավարությունը Ահմեդ Իզեթ փաշայի գլխավորությամբ ձգտում էր ազատվել վարկաբեկված երիտթուրքական ռեժիմի ժառանգությունից և կանխել հաղթող երկրների կողմից հնարավոր պատժամիջոցները: Այս պայմաններում թուրքական իշխանությունը «Միություն և առաջադիմություն» կուսակցությանառաջնորդների դեմ նախաձեռնեց դատական գործընթացներ՝ նրանց մեղադրելով պատերազմ սանձազերծելու և հայերի զանգվածային կոտորածներ կազմակերպելու մեջ։
Արդյունքում 20 բարձրաստիճան պաշտոնյաներ և կուսակցական գործիչներ դատապարտվեցին, ևս 11-ը դատապարտվեցին հեռակա կարգով: Տվյալ գործերի մասին տեղեկություններ են պահպանվել ինչպես արխիվային փաստաթղթերում, այնպես էլ այն ժամանակվա թուրքական մամուլում, որը մանրամասն լուսաբանում էր դատական նիստերն ու դատավճիռները։
«Այսպես որ, Թուրքիայում լավ գիտեն, թե Օսմանյան կայսրությունում հայերի հետ ինչ է տեղի ունեցել։ Ցեղասպանության ճանաչման Անկարայի մերժումը պայմանավորված է ոչ թե անտեղյակությամբ, այլ քաղաքական հաշվարկներով»,–նշեց Գզոյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավին Հայաստանը դիմել է հենց այն պատճառով, որ չի կարողացել արդարության հասնել Թուրքիայում:
«Մեր գլխավոր հասցեատերը Թուրքիան է։ Բայց քանի որ այդ երկիրն արդարությունը չի ճանաչում, մենք դիմել ենք միջազգային հանրությանը», - ասաց Գզոյանը։
Նրա խոսքով` միջազգային ճանաչումըկարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության, այլև հայկական սփյուռքի տեսանկյունից, որ Ցեղասպանության հետևանքով դրսում ապրող մարդիկ իմանան` իրենց բնակության երկրները ճանաչում և հարգում են իրենց ողբերգությունը:
Գզոյանը տեղեկացրեց, որ Ցեղասպանության փաստը հաստատող նյութերը, այդ թվում թուրք հեղինակների փաստաթղթերը, ապրիլի 23-ին կներկայացվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսում: Նա վստահեցրեց, որ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներըշարունակվում են. ՀՑԹԻ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, հրատարակում գրքեր և գիտական աշխատություններ, կազմակերպում ցուցահանդեսներ և միջոցառումներ:
Հայոց ցեղասպանության110-րդ տարելիցի շրջանակներում այս տարի նախատեսված են մի շարք ցուցահանդեսներ և միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ապրիլի 23-ին մեծածավալ ցուցադրություն կբացվի հենց թանգարանում, ապրիլի 29-ին՝ Աբովյանի հայ-ռուսական բարեկամության թանգարանում, իսկ ապրիլի 30-ին՝ Գյումրիում: Դրանք նվիրված են Ցեղասպանության տարիներին կանանց ունեցած դերին։
Շրջիկ ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Բուխարեստում։ Ապրիլի 24-ին ցուցադրություններ կբացվեն միանգամից 3 ռուսական քաղաքներում՝ Մոսկվայում, Դոնի Ռոստովում և Սանկտ Պետերբուրգում: Ցուցահանդեսներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Բրազիլիայում՝ դրանցից մեկը, որը նվիրված է կանանց, արդեն գործում է ԱՄՆ–ի Արիզոնա նահանգում:
Մայիսի վերջինԵրևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով, իսկ ամռանն ու աշնանը և՛ Բեռլինում, և՛ Փարիզում կանցկացվեն միջոցառումներ:
0Comments