Բեմադրված ավազակություն Երևանում. մենեջերն ու ինկասացիայի աշխատակիցը ձերբակալվել են

Մանրամասներ
ինկասացիա

Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում իբրև թե առանձնապես խոշոր չափերով ավազակությունն իրականում բեմադրված է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ապրիլի 10-ին, երեկոյան 23։14–ին 42-ամյա տղամարդը ահազանգել էր ոստիկանություն, հայտնել, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու գումար հափշտակել։

Դեպքի վայր ժամանած պարեկներին տղամարդն ասել էր, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։

«Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։ Պարզվել է, որ կատարվածն այսպես ասած առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է` 42-ամյա տղամարդու և նրա մտերիմի` Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք»,– ասված է հաղորդագրությունում։

26-ամյա երիտասարդն այդ օրը` ժամը 22։30–ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, ըստ բեմականացման, հարվածել է 42-ամյա տղամարդու դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։

Երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։

Երկուսն էլ ձերբակալվել են։

Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

shamshyan.com-ն էլ դեպքի առնչությամբ հայտնել է, որ ինկասացիայում աշխատող անձը 42-ամյա Արթուր Նազարյանն է, որը Մասիսի «Էվրիկա» մթերային խանութի վճարային տերմինալից է հանել այդ գումարը և ուղևորվել դեպի Երևան։ 26-ամյա երիտասարդն էլ Նարեկ Ջամլյանն է, որի հետ նախնական համաձայնություն է եղել` ստեղծել ավազակային իմիտացիա։

Պարզվել է, որ Նազարյանն աշխատում է՝ որպես ինկասատոր, իսկ Ջամալյանը` Մասիս քաղաքում գործող «777» սուպերմարկետում` որպես մենեջեր: