ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու նախաձեռնությունը եկել է քաղաքացիական հասարակությունից, նրանք օրենքի նախագիծ են ներկայացրել այդ առնչությամբ եւ մեր կառավարությունը հավանություն է տվել դրան: Մեծ է հավանականությունը, որ մեր խորհրդարանը կհաստատի այդ օրենքը, որ մենք իրավական առումով սկսենք ԵՄ-ին ավելի մերձենելու գործընթացը: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ էինք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք: Երբ դու ժողովրդավար ես, ուզում ես լինել ավելի մոտ կամ ժողովրդավարության հիմնական հոսքում, քանի որ հակառակ դեպքում դա անտրամաբանական կլիներ:
Եվ հիմա մենք շատ սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ։ Եթե անկեղծ լինենք, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունեցել Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Օրինակ՝ մենք նոր ենք սկսել վիզաների ազատականացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը երկար տարիներ եղել է մեր օրակարգում, բայց չենք կարողացել սկսել անգամ բանակցությունները, և հուսով եմ, որ կկարողանանք ավարտել և ստորագրել այն որքան հնարավոր է շուտ:
Այժմ Հայաստանն ընդգրկված է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք այժմ ունենք եվրոպական դիտորդական քաղաքացիական առաքելություն մեր երկրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում ենք, և մենք շատ սերտորեն աշխատում ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ տնտեսական կապերին, Փաշինյանը նշեց. «Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի մոտ լինել Եվրամիությանը նաև տնտեսապես։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք մեր տարածաշրջանի երկրների հետ էլ տնտեսության առումով ավելի մոտ լինել: Որովհետև, ցավոք, մեր անկախության սկզբից մենք մի տեսակ տնտեսական մեկուսացման մեջ էինք, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են եղել և փակ են, և այդպիսով փոփոխություններ մտցնելու համար ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»:
0Comments