Յուարքանչյուր փուլի համար թեկնածուների ընտրության իրենց պահանջները կային. Դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում քաղաքական և ըստ էության, քաղաքական թիմի մաս է. Ընտրությունը կանգ է առել նրա վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՔՊ-ն հրաժարվեց սեփական թիմից արդարադատության նախարարի թեկնածու առաջադրելու մտքից, արդյոք այն պատճառով, որ ՔՊ-ում չկան համապատասխան կադրեր:
Դիտարկմանը, որ եթե Գալյանը քաղաքական թիմի մաս է, արդյոք խնդրահարույց չէ, որ նրան բարձր պաշտոն է տրվել դատախազությունում, Արայիկ Հարությունյանը ասաց. «Ես ասացի՝ քաղաքական պաշտոնէ զբաղեցրել, իսկ այդ դեպքում տվյալ ժամանակահատվածի ժամանակ լինում է քաղաքական թիմի մի մաս: Նա եղել է փոխնախարար, որը նույնպես քաղաքական նշանակություն ունի»:
Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ իրենց համար սկզբունքային չի եղել կին նախարար ունենալը. «Գիտեք, որ եղել է 3 կին եւ 2 տղամարդ նախարարի թեկնածու, եւ ընտրությունը Գալյանի վրա է կանգ առել: Հաշվի են առնվել բազմաթիվ հանգամանքներ, բայց քանի որ այդ քննարկումը փակ է եղել, ես այսքանով կսահմանափակվեմ:
Բնականաբար, կարեւոր են եղել նաեւ մասնագիտական կարողությունները: Ես կարծում եմ՝ տիկին Գալյանն իր վերջին պաշտոնում դատախազությունում բավականին լուրջ հաջողություններ է ունեցել ինստիտուտի կայացման առումով»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքն անձամբ հարց է տվել տիկին Գալյանին, թե արդյոք իր տեղափոխմամբ չի տուժի դատախազությունում իր կատարած աշխատանքը, եւ ստացել է պատասխան, որ ինստիտուցիոնալ առումով այնտեղ կարողություններ են զարգացել եւ այդ աշխատանքը կարող են արդյունավետորեն շարունակել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
0Comments