Հայաստանում կա հստակ ըմբռնում և հստակ կամք՝ լքելու ռուսական տնտեսական և ռազմական ազդեցության գոտին, մինչդեռ Հայաստանը պետք է կատարի աշխատանքի իր մասը, իսկ մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր կողմից։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-ահոն՝ Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանից պետք է նվազեցվի, որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ։ Հայաստանը պետք է նվազեցնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և ռուսական շուկայից։ Բայց ինչպես հայ գործընկերներն են հայտարարել, դժվար է դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ, եթե այլընտրանքներ չկան։ Զուգահեռաբար պետք է տեղի ունենան Հայաստանին ԵՄ շուկաներին ինտեգրելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու գործընթացները։ Մենք ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցություն ցուցաբերելու և Ռուսաստանից նրա կախվածությունը նվազեցնելու համար»,- հավելել է նա։
Նա ընդգծել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ «Սա լոգիստիկ նոր հնարավորություններ կբացի եվրոպական շուկայի հետ էլ ավելի մեծ ինտեգրման համար»,- կարծում է Ջուսի Հալլա-ահոն:
Նա վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը խոչընդոտ չէ Միությանն անդամակցելու համար։
0Comments