Դոնալդ Թրամփի առաջին քայլերն ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Եվրոպայի համար դարձել են էլեկտրաշոկ, որը պետք է Եվրոպային ստիպի ապահովել ինչպես իր սեփական անվտանգությունը, այնպես էլ Ուկրաինայի։ Այս մասին բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Դա էլեկտրաշոկ է: Մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ շոկեր, արտաքին շոկեր։ Սա էկզոգեն շոկ է եվրոպացիների համար…. Եվրոպայի համար հիմա արագությունը մեծացնելու և գործելու պահն է», – ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան կանգնած է ձախողման վտանգի առջև։
Մակրոնի կարծիքով՝ «ռազմավարական ծայրահեղ անորոշությունը» կօգնի սթափեցնել այն եվրոպական երկրներին, որոնք հույս ունեին պահպանել ռազմավարական կախվածությունն» ԱՄՆ-ից։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ սկսելով ներդրումներ պաշտպանության բնագավառում և հասնելով ՀՆԱ-ի աճի՝ լայն տնտեսական ինտեգրման հաշվին: Ինչպես կարծում է Մակրոնը, Եվրոպայի ապագա ռազմական ներուժը պետք է նրան հնարավորություն տա գործելու «նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։ Դրա համար, ինչպես գտնում է Մակրոնը, կպահանջվի 5-10 տարի։
«Մենք պետք է մշակենք լիովին ինտեգրված եվրոպական պաշտպանական, արդյունաբերական և տեխնոլոգիական բազա: Սա շատ հեռու է գնում պաշտպանության ծախսերի մասին պարզ քննարկումների սահմաններից: Եթե մենք միայն մեծացնենք մեր կախվածությունը Միացյալ Նահանգներից, ապա 20 տարի անց այդպես էլ լուծած չենք լինի եվրոպական ինքնիշխանության խնդիրը», – հավելել է Մակրոնը:
0Comments