Ստամբուլում կեղծ ալկոհոլից թունավորման զոհերի թիվը վերջին երեք օրվա ընթացքում հասել է 30-ի։ A haber հեռուստաալիքի տվյալներով՝ 31 հիվանդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության է դիմել 83 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է մեթանոլով թունավորում։ Այս պահին չորսը դուրս են գրվել, 31-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ 18 հիվանդ բուժվում է սովորական հիվանդանոցում։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստամբուլի թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում բնակվում են Թուրքմենստանից և Ուզբեկստանից եկած անձիք, կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 23 մարդ է մահացել։ Ստամբուլում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ կեղծ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով Ուզբեկստանի 10 քաղաքացի է մահացել։
Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ արտակարգ դեպքի առնչությամբ վեց մարդ է բերման ենթարկվել։ Նրանցից երկուսը Թուրքմենստանի քաղաքացիներ են և ձերբակալվել են «Դիտավորյալ սպանության փորձի» մեղադրանքով։
Ստամբուլում կեղծ ալկոհոլի զոհերի թիվը 30-ի է հասել. A haber
Մանրամասներ
0Comments