Նոր մանրամասներ «օրենքով գող» Մարսոյին սպանած անձի որդու դեմ մահափորձից. կրակողի «Օպել»-ը գտել են հրկիզված

Մանրամասներ
4

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։

Պարզվել է, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։

Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել է զրահապատ, իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։

Ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել «Opel»-ի սեփականատիրոջ ինքնությունը ու արդյոք այն հանցագործությունը կատարելուց առաջ գողացե՞լ էին, թե՞ այն եղել է խոտանված։

Ոստիկանները ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ունի «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, վարելիս էր եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։