Մակերևութային է գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա և հիմա մնում է ձեռնունայն․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
նիկոլ թրամփ հարիս

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ իս՝ բավականին մակերևութային է գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա և հիմա մնում է ձեռնունայն:

Գուցե ներքաղաքական «շրջանառության» տեսանկյունից կատարվում է քարոզչական էֆեկտի հաշվարկ, չեմ կարող ասել, սակայն իրական, խորքային քաղաքական հաշվարկի առումով, ըստ իս, գնահատականը մակերևույթի վրա է:

Խորքում պատկերն այլ է, ինչի վկայություններից մեկն է, օրինակ, հենց այն, որ Փաշինյանը մասնակցեց հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ու Պուտինի ծննդյան տարեդարձին, հետո՝ ԲՐԻԿՍ+-ին, և ընդհանրապես դեռ օգոստոսից էապես փոխեց հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ:

Եվ մի առանցքային բան ևս, որ տեղի ունեցավ դեռևս հուլիսին․ Փաշինյանը հրաժարվեց Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ալիևի հետ հանդիպումից:

Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տևական ժամանակ նա փորձեց վարել Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման քաղաքականություն:

Մշտապես շեշտում եմ, որ այդ քաղաքականության վարման կոմպետենտության, բովանդակության հարցերը բնականաբար բաց են, այստեղ ստույգ գնահատականի համար պետք են մի քանի «խորհրդապահական» ելակետեր, որոնք ես չունեմ:

Բայց «հույս» փայփայել, թե դեմոկրատական վարչակազմի հեռանալը քանդել է Փաշինյանի քաղաքական անվտանգության ճարտարապետությունը, կարծում եմ քիչ կապ ունի բուն իրականության հետ:

Սա բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրությունը աներեր է: Բոլորովին, այսօր այդ իմաստով երաշխիք չունի մեր տրամաչափի երկրի որևէ քաղաքական իշխանություն, առավել ևս Նիկոլ Փաշինյանը: Բայց այդ հանգամանքի հետ կապված հարցերում ԱՄՆ վարչակազմի՝ դեմոկրատ, թե հանրապետական լինելը վճռորոշ գործոնների շարքում չէ:

Իհարկե այլ հարց է, որ հայկական ավանդական քաղաքական «մտածողությունը» այսպես, թե այնպես, հենվում է արտաքին գործոնների վրա և հիմնական հույսերը կապում դրանց հետ, անկախ ձևակերպումներից ու շեշտադրումներից:

Իսկ դա խորքային քաղաքական խնդիր է, որը հիմքից է «ամլացնում» Հայաստանում քաղաքական սուբյեկտության ներուժը»: