ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Գանիելյանը Կառավարության հետ հարցուպատասխանին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով։
«Տարբեր օրինակներ կարող ենք բերել, դիցուկ՝ քաղաքապետարանի օրինակը, երբ Հայկ Մարությանը ասում էր՝ միլիոնավոր դոլարների չարաշահումներ են եղել, սակայն հիմա ոչինչ չկա։ Կոռուպցիա սկսած շինթույլտվությունից մինչև այգիների բարեկարգում կա, երբ ուսումնասիրում ես՝ անթաքույց կոռուպցիա է»,- ասաց Դանիելյանն ու հարցրեց, թե արդյո՞ք Փաշինյանն իր պատասխանատվությունը տեսնում է այդ խնդրի մեջ։
Նիկոլ Փաշինյանն էլ մինչև թեմային անդրադառնալն ասաց. «Զարմանքիս չափ ու սահման չկա։ Կիրանցից, Ոսկերպարից, սահմանազատումից ֆսյո՞, պրծա՞ք, էս 5 ամիս ա, երբ գալիս եմ ստեղ, 2 ձեռով ոտով, փողոցում, ուղիղ եթերում, ուղիղ եթեր պահանջելով, հետո ընդեղի ուղիղ եթերից ընդեղ ուղիղ եթեր պահանջելով։ Գառնիկ ջան դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա է»։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փաշինյանն ասաց, որ ինքը դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից.
«Կարծում եմ, որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ։ Կարծում եմ՝ մենք շատ հարցերում արդեն սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել։ Եկել է այն փուլը, որ քաղաքական կամքով ինչ արդյունք հնարավոր էր արձանագրել, մենք արձանագրել ենք։ Հիմա մեզ պետք է խորը ինտիտուցիոնալ կայացում, և այդ ճանապարհը մեզ համար մնում է կարևոր առաջնահերթություն։ Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել և չենք ունենալու»;
Դանիելյանն արձագանքելով Փաշինյանին՝ նշեց. «Հիմա որ ասեմ՝ կենաց է, կասեք՝ ինչո՞ւ ասացիք։ Գերեզմանատներում գումար են ուզում մարդկանց հուղարկավորության համար։ Կոռուպցիան այնքան ակնհայտ է։ Պետք է ընտրովի չլինի՝ իմ կուսակիցն է, իմ ախոյանն է և այլն»։
Փաշինյանը կրկին շեղվելով թեմայից՝ նշեց. «Փաստորեն արձագանքի մեջ էլ Կիրանցից բան չունեիք էլ ասելու»։
Այնուհետև անդրադառնալով բուն հարցին՝ Փաշինյանն ասաց. «Այդ մտահոգությունները բարձրացնում են նաև ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Մենք հետևողականորեն գնալու ենք այդ բոլոր բարձրացված հարցերի հետևից»։
0Comments