Էդ որ ասում եք՝ դատավորները լավն են, վատն են, ո՞ւր էիք այսքան ժմանակ, բարի գալուստ, որ վերադարձել եք Ազգային ժողով:
Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ մասնակցում եք դատական իշխանության ձեւավորմանը: Կարեն Անդրեասյանը լավը չի, գայիք, մասնակցեիք ընտրությանը, թեկնածու առաջադրեիք: Վատն են դատավորները, գայիք, ձեր քվեով օժանդակեիք այս կամ այն թեկնածուին: գայիք ասեիք, սա մեր սրտի դատավորն է:
Մյուս կողմից ճիշտ եք, ասում եք՝ էս խայտառակ ՍԴ-ն էդ խայտառակ Հռոմի ստատուտը վավերացրեց, ապօրինի որոշում կայացրեց, ո՞նց կարելի է հանդուրժել այդ դատարանը: Գուցե երեւի նրա համար, որ այդ նույն դատարանը հնարավորություն է տվել ձեր քաղաքական թիմի առաջնորդին հայտնվել այստե՞ղ: Գուցե երեւի նրա համար, որ մենք ասել ենք՝ մեզ համար մեր եւ ձեր դատավորներ չկա՞ն»,-ասաց նա:
Վարդանյանը հայտարարեց, որ եւ Արմեն Դանիելյանը, եւ Արսեն Նիկողոսյանը լավ դատավորներ են, որովհետեւ պրոֆեսիոնալ դատավորներ են:
«Ես Իսրայելի վրա եմ զարմանում, ո՞նց մեր ընդդիմության փորձը չեն կրկնօրինակում: Հարձակում է տեղի ունեցել, մի հատ գային, կառավարության հրաժարական պահանջեին, չեն հասկանում, էլի՞:
Չի կարելի չգալ ԱԺ, չմասնակցել քննարկումներին, որեւէ բովանդակային հարց չտալ դատավորներին, հետո բողոքել դատական իշխանությունից: Այս երեք տարում ընդդիմությունը որեւէ հարցով հարակից զեկուցմամբ հանդես եկե՞լ է, թե ոչ: Ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, այն կարող է շատ կոշտ լինել:
Ձեր ընտրողներին ավելի շատ հուզում է, որ դատական նիստերը երկար են տեւում, որ գործի վերջնարդյունք չի լինում, դատավորչը նիստը հետ է գցում: Իսկ ձեզ հետաքրքրում է կոնկրետ անձանց կոնկրետ խափանման միջոցի թեմաներ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Իր ելույթի վերջում նա մի դրվագ հիշեց «Операция Ы» ֆիլմից. «Երբ հայտնի խուլիգանին բռնում է եւ փորձում է պատժել, նա ասում է՝ «Шурик, вы же комсомолец, это не наш метод»: Այսինքն ամեն ինչ կարելի է անել, բայց հենց բախվում եք պետական իշխանության արձագանքին, միանգամից ասում եք. «Что вы делаете, это не наш метод»: Պատասխանը այստեղ հստակ է. «Надо, Федя, надо!»:
0Comments