Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։
Շեշտվել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվելու առաջնային տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար Թուրքիայի գործադրած ջանքերին, շեշտելու է, որ տարածաշրջանին տեր կանգնելը խնդիրների լուծման համար ամենավավեր մեթոդն է։
Նախատեսվում է, որ Ֆիդանն ասելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության պայմանագրի բանակցություններին, որ այդ գործընթացի հետ միասին Թուրքիայի և Հայաստանի միջև ևս կարգավորման գործընթաց է սկսվել։ Սպասվում է, որ Ֆիդանը որպես վստահության մեծացման միջոցառումներ ընդգծելու է տնտեսական ոլորտների կարևորությունը և հատկապես առաջնային պլան է բերելու փոխկապվածությունն ու տնտեսական ինտեգրացիան։
Ըստ նյութի՝ հանդիպման շրջանակում նախագահ Ռ․Թ․ Էրդողանն ընդունելու է հյուր նախարարներին և նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ։
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։
Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անքակտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»։
Նախատեսվում է, որ հայտարարությունում տարածաշրջանային տնտեսական համագործակցության վստահության կառուցման, բարօրության ավելացման և կայունության հաստատման գործում կառուցողական դեր խաղալու շրջանակում կողմերը տարբեր տնտեսական ոլորոտներում համագործակցության մեծացման հանձնառություն են ստանձնելու՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների և փոխկապվածության գլխավորությամբ։
0Comments