Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է

Մանրամասներ
հակոբ

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունն այցելել Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այնտեղ ցուցադրում է 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից խլված սպառազինությունն ու տեխնիկան:

Պատկերացնում եք, թերեւս, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե այդ, այսպես կոչված, ռազմավարի պուրակ այցելեր որեւէ ռուսական պատվիրակություն, որեւէ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Թերեւս չկա նկարագրելու կարիք:

Իսկ արդյո՞ք հավասարապես նույն արձագանքը կլինի ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի այցի պարագայում: Վստահաբար՝ ոչ: Որովհետեւ այդ արձագանքները իրենց գերակշռող մասով, ոչ ամբողջապես անշուշտ, բայց գերակշռող մասով պայմանավորված են լինում քարոզչա-քաղաքական նարատիվներով:

Մինչդեռ, դա իհարկե Հայաստանի դժբախտություններից մեկն է, երբ կարեւոր հանրային ու օետական ռեակցիաները, որ պետք է լինեն բոլորի պարագայում, «բաժանվում» են ըստ նարատիվների, ըստ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի:

Մինչդեռ, ցանկացած պատվիրակության այց ռազմավարի պուրակ, պետք է արժանանա Հայաստանի հանրային պարսավանքի, այցելողը կլինի ռուսական պատվիրակություն, թե ՆԱՏՕ-ական, թե ամերիկյան, թե որեւէ այլ:

Ընդ որում, առավել վատ է այն, որ ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակը Բաքու այցից առաջ եղել է Երեւանում: Երբ Երեւանից հետո կարճ ժամանակ անց Բաքու այցելող ՆԱՏՕ պաշտոնյան իրեն թույլ է տալիս այցելել այսպես ասած ռազմավարի պուրակ, սա իհարկե անուղղակի, սակայն խիստ թափանցիկ ու դիպուկ ցուցիչ է, թե ինչ դիվանագիտական արդյունավետությամբ կամ տվյալ պարագայում՝ անարդյունավետությամբ է նրա հետ հարաբերվել Երեւանը»:

Ավելի ուշ Հակոբ Բադալյանն իր այս գրառմանը հավելել է.

«Պաշտոնական Երեւանը գոնե խորհրդարանի մի պատգամավորի մակարդակով չի՞ գտնում ժամանակ, իր դժգոհությունն արտահայտել ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ:

Եթե այց կատարած լիներ որևէ ռուսաստանցի զինվորական, հիմա ըստ երևույթին հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից:

ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է»: