Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն ասել է՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից, որով, մասնավորապես, նախատեսվում է կրթաթոշակային քաղաքականության սկզբունքների վերանայում՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերին համահունչ:
Առաջարկվում է ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ անասնաբուժությունը, անասնաբուժական-սանիտարական փորձաքննությունը, ագրոնոմիան, որտեղ ներառված են օրգանական գյուղատնտեսությունը, ջերմատնային ագրոտեխնոլոգիան և բույսերի պաշտպանությունը, ինչպես նաև անտառային տնտեսությունն ու բնակավայրերի կանաչապատումը, անասնաբուծությունը, կենդանագիտությունը և կենսատեխնոլոգիան, պարենամթերքի տեխնոլոգիան, խմորման արտադրության տեխնոլոգիան և գինեգործությունը, սննդամթերքի անվտանգությունը, ագրարային ճարտարագիտությունը, ճշգրիտ գյուղատնտեսությունը և այլն:
«Նախագծի ընդունման արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային նշված մասնագիտություններով սովորողներին, որը կնպաստի այդ կադրերի՝ աշխատատեղերի ժամանակին և պատշաճ համալրմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանը»,-ասել է նախարարը՝ կարևորելով, որ որոշումը կտարածվի 2024/2025 ուսումնական տարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:
Անդրադառնալով բուհական կրթության որակի խնդրին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթաթոշակը բոլորի համար գործելու է միայն 1-ին կուրսում. երկրորդ կուրսից այն տրամադրվելու է ըստ առաջադիմության՝ կրթաթոշակի կհավակնեն միայն այն ուսանողները, որոնք կունենան առնվազն 80 տոկոս ՄՈԳ:
«Ագրարային համալսարանն իր կրթական ծրագրերում ներդրել է աշխատանքային կիսամյակի գաղափարը, որը նշանակում է, որ առնվազն մեկ կիսամյակ ուսանողը պետք է սովորի ոլորտի գործատուի մոտ աշխատելով: 3-րդ կուրսի ուսանողների առնվազն 60 տոկոսն արդեն աշխատանքի է անցնում, ինչը նշանակում է, որ դեռ բուհը չավարտած՝ նրանք արդեն պահանջված մասնագետներ են»,-ասել է նա։
0Comments