Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքը» ամենևին պետք չէ՝ Թուրքիայի հետ կապվելու ավելի շահավետ ուղի կա՝ Վրաստանով․ Տեսանյութ

Մանրամասներ
նիկոլ պուտին

Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքը» բացարձակապես հետաքրքիր չէ՝ Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու համար առավել արդյունավետ ճանապարհ կա՝ Վրաստանով։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արևմտյան պատժամիջոցների պայմաններում առևտրային որ ուղիներն են առաջնահերթ Ռուսաստանի համար այլընտրանքային շուկաներ դուրս գալու համար։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023թ. Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների առաջին եռյակը գլխավորել են Չինաստանը, Հնդկաստանն ու Թուրքիան. միաժամանակ, առևտրաշրջանառության աստիճանական ավելացում է նկատվում արաբական երկրների, Իրանի, Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, ինչը վկայում է Ռուսաստանի՝ արևմտյան պատժամիջոցների պայմաններում դեպի Գլոբալ Հարավի շուկաներ վերակողմնորոշվելու միտումը։

Ռուսաստանի համար, Գաբրիելյանի դիտարկմամբ, այդ պատճառով առաջնահերթություն է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը թույլ կտա կապ հաստատել Հնդկաստանի հետ։

«Ռուսաստանը Թուրքիայի հետ առևտրի մի մեծ մասը ծովով է իրականացվում, ցամաքային փոխադրումերը Ադրբեջանի տարածքով Թուրքիա հասցնելը բացարձակապես անիմաստ է՝ այստեղ կարևորը Ռուսաստանի համար Վրաստանի հետ հարաբերություններն են։ Վերին Լարսի անցակետով իրականացվող բեռնափոխադրումները Հայաստանի համար առաջնահերթ են, բայց ծավալով դրանք ամենամեծը չեն՝ մեծաթիվ բեռնատարներ Թուրքայից այնտեղով Ռուսաստան են գնում, Միջին Ասիայի երկրներից էլ բեռնատարները հակառակ ուղղությամբ Թուրքիա են գնում։ Ռուսաստանի համար սա տնտեսական տեսանկյունից շատ ավելի արդյունավետ ճանապարհ է, քան թե որ Ադրբեջանն ու Թուրքիայի ցամաքային կապ հաստատեն Հայաստանի տարածքով։ Ռուսաստանի տեսակետից դա բացարձակապես հետաքրքիր չէ»,- շեշտում է Գաբրիելյանը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է Հայաստանը կառավարի ռիսկերն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այն բացելու պահանջները չեն դադարում, իսկ Միացյալ Նահանգները կոչ է անում Երևանին ու Բաքվին արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը Կենտրոնական Ասիա-Եվրոպա նոր երթուղու ստեղծման նպատակով, նախկին փոխվարչապետի նկատեց՝ Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ իր տարածքով անցնելիք ուղիների նկատմամբ պահպանի սուվերենությունը։

«Պատկերացրեք՝ Հայաստանի տարածքով էական տեղաշարժ լինի, բայց մաքսային ձևակերպում չի ստանում, բեռնափոխադրումների մասին տեղեկություն չկա, պարզ չէ նաև, թե որոնք են դրանից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները։ Պատկերացրեք՝ Հայաստանի վրայով մի քանի ճանապարհ անցնի, որոնցից որևէ մեկի վրա մենք ազդեցություն չունենանք, հետո Թուրքիայի ճանապարհն էլ է փակվում, Ադրբեջանինն էլ, ասում ենք՝ բացեք, մերժում են, մեր ազդեցությունը ո՞րն է այդ դեպքում, կարո՞ղ ենք փակել դրանք, եթե հայկական հսկողություն չկա»,- նշում է Գաբրիելյանը։

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ Հայաստանի տարածքով անցնելիք ճանապարհահատվածի վերահսկողությունն ու բեռների ուղեկցումը միջազգային որևէ ընկերության կողմից իրականացվի, Գաբրիելյանը նկատեց՝ պետք է դեռ պարզել՝ արդյո՞ք միջազգային այդ ընկերությունը վերհսկողություն է իրականացնելու, և եթե այո, ապա ի՞նչ պայմաններով։

«Մաքսային տեղեկատվությունը փոխանցելո՞ւ է Հայաստանի պատկան մարմիններին, ու՞մ է հաշվետու լինելու այդ ընկերությունը, ո՞վ կարող է դրա հետևում կանգնած լինել կամ չլինել, կարո՞ղ ենք դրա տակից դուրս գալ, թե ոչ։ Սուվերենությունը նաև տնտեսական վերահսկողություն է ենթադրում։ Կարելի՞ է գտնել միջազգային ընկերությունը, որը հաճույքով կամ առանց հաճույքի կստանձնի մեծ գումարի դիմաց այդ գործառույթը՝ այո, հավանաբար, պարզապես պետք է առարկայական լինի ամեն ինչ։ Հիմա ասում են՝ դուք համաձայնվեք, կբերենք այդ ընկերությունը, հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ընդգծում է Գաբրիելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։