Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում կարող են տեղակայվել ռուսական 10 «Орешник» հրթիռային համակարգեր, և խոստովանել է, որ այդ թիվը կարող է աճել ապագայում, գրում են news.am-ը և ТАСС-ը։
«Կարծում եմ՝ առայժմ մեկ տասնյակ է, և հետո կտեսնենք: Եթե ռուսները ցանկանան ավելի շատ տեղակայել, մենք էլի կտեղակայենք»,- լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է նա, զրույցի մի հատված հրապարակվել է «Юнашев Live»-ի թելեգրամյան ալիքում։
Դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստից հետո Լուկաշենկոն հայտնել է, որ խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Орешник» տեղակայել հանրապետության տարածքում։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, համալիրի մատակարարումը կարող է իրականացվել 2025 թվականի երկրորդ կեսին։ Ավելի ուշ Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսն ունի մոտ 30 հարթակ Օրեշնիկի հնարավոր տեղակայման համար։
0Comments