«ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ հայտնվել է երկու քարի արանքում. Ալիևի պահանջները կատարի՝ ժողովուրդն է  ընդվզելու, չանի՝ Ալիևը. Աճեմյան

Մանրամասներ
շահե

168.am-ը գրում է.

Մինչ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ «պայքար է ծավալում տգիտության դեմ», Ադրբեջանից հնչում են հերթական պահանջները՝ ուղղված Հայաստանին։ Օրերս Ալիևն ասել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը նախ պետք է ՀՀ սահմաններից հանի երրորդ երկրներից տեղակայված ուժերին, այնուհետև՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար  հետ վերցնեն ներկայացրած հայցերը։

Երեկ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում Ալիևի այս հայտարարության առնչությամբ ասել էր.

«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք՝ նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար»:

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի խոսքով՝ Ադրբեջանի ու անձամբ Ալիևի կողմից նման պահանջներ կհնչեն ու կպարտադրվեն Հայաստանին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։

«Ալիևի պահանջն ո՞վ չի հասկանում, դա նույնիսկ երեխան կհասկանա։ Սա գիտեք՝ ինչի նման է, որ երեխաներն ասում են՝ մաման ու պապան մեր գլխին չլինեն, մենք իրար կծեծենք, այսինքն՝ օտար դիտորդներին հանեն Հայաստանից, որ Ադրբեջանի գլխին մարդ չլինի, ինչ ուզի՝ անի։ Ալիևն ուզում է իր սանձարձակությունը որևէ մեկը չտեսնի Հայաստանում, ինքն իր սրտի ուզածն անի, մեկ է՝ Նիկոլը տեսնի-չտեսնի՝ որևէ բան չի ասելու։

Նիկոլը ենթարկվում է Ալիևի պահանջներին, հիմա Ալիևի փոխարեն ո՞վ լինի՝ ավելին չի պահանջի»,- 168.am հետ զրույցում նշեց Շահե Աճեմյանը։

Ըստ մեր զրուցակցի, ՀՀ իշխանությունն Ալիևի պահանջները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ չի վախեցել ժողովրդից ու ժողովրդի ցասումից, իսկ քանի դեռ ժողովուրդը ցույց չի տվել իր ցասումը՝ իշխանությունը կառչած կմնա իր աթոռին ու հանուն այդ աթոռի կկատարի բոլոր պահանջները։

Այդուհանդերձ, Շահե Աճեմյանը կարծում է, որ ՔՊ-ն արդեն սկսել է հասկանալ ժողովրդի տրամադրությունը, դժգոհությունները և ամենակարևորը՝ մարդկանց «համբերության բաժակը լցվել» է։

«Հիմա ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտնվել է երկու քարի արանքում՝ Ալիևի պահանջները կատի՝ ժողովուրդն է  ընդվզելու, չանի՝ Ալիևը կհոխորտա։ Այս իշխանությունը նման իրավիճակում է հայտնվել, որովհետև դավաճանական են, ի վերջո՝ երբ էլ լինի՝ իրենք հաշվետու են լինելու հայ ազգին ու իրենց հովանավորներին։

Ժողովուրդը կարող է պոռթկալ մի քանի սցենարների դեպքում, առաջին սցենարն այն է, որ պատերազմ լինի, ու մարդիկ զզված դուրս գան պայքարի։ Հնարավոր է՝ կամավորներին զենք չտան, սա էլ պոռթկում առաջացնի։ Կարծում եմ՝ զոհեր ու հողային կորուստներ ազգն այլևս չի կարող ընդունել»,- շեշտեց Շահե Աճեմյանը։

Նա նաև մատնանշեց ՔՊ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները՝ ընդգծելով՝ երբ կուսակցությունը գաղափարազուրկ է լինում, ամեն ինչ, ի վերջո, փլուզվում է։

«Հայաստանում անկախությունից ի վեր շատ կուսակցություններ ի հայտ եկան, որոնք գաղափարազուրկ էին, նրանք անհետացան, մոռացվեցին։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում ՔՊ-ի ներսում՝ գաղափարախոսության բացակայության հետևանք է, ուստի ՔՊ-ն նույնպես հայտնվելու է պատմության աղբանոցում»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։

Զվարթ Խաչատրյան