Ադրբեջանի նախագահը Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ արձագանքել է նրա հայտարարությանը՝ արցախահայերի Արցախ վերադառնալու վերաբերյալ։ Ալիևը հերթական անգամ նախապայմաններ է առաջ քաշել, ասելով, թե «վերադարձը պետք է տեղի ունենա փոխադարձաբար, այսինքն՝ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», որտեղից վերջին անգամ դուրս են եկել 1988 թվականին»։
Ինչպես միշտ, Ալիևը չի հիշատակել Սումգայիթից, Բաքվից ու այլ վայրերից հայության բռնի տեղահանության ու էթնիկ զտման մասին, այդ թվում՝ ինչպես 2023 թվականի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից հետո և դրանից առաջ: Դրանից հետո առ այսօր Ադրբեջանը բացահայտ ոչնչացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանները, իսպառ վերացնելով հայկական հետքը, աշխարհին ցույց տալու, թե Արցախում հայկական որևէ հուշարձան չկա։
168.am-ի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը հակադարձելով Ալիևի հայտարարությանը՝ նկատեց՝ արցախահայերի վերադարձի հիմքում պետք է լինի նորից Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայության ցեղասպանության փաստը։
«Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ Ալիևի լեզուն այսօր երկար է, ու նա կարողանում է խոսել ինչ-որ հորինած «Արևմտյան Ադրբեջանի», ինչ-որ փախստականների մասին, այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները, քաղաքական վերնախավը սկզբունքորեն ոչ մի անգամ չեն խոսել և դրա մասին չեն բարձրաձայնել։ Նրանք այդպես էլ չխոսեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից 8 հարյուրից ավելի հայ փախստականների մասին, նաև խոսք չեղավ, որ Հայաստանից տեղափոխված 160 հազար, այսպես կոչված, ադրբեջանցիները, որոնք Հայաստանից են տեղափոխվել Ադրբեջան, փախստական չեն՝ ըստ ՄԱԿ-ի։ Սրա մասին Հեյդար Ալիևն ունի ակնարկ, երբ ասում է, որ «Հայաստանից ադրբեջանցիները տեղափոխվեցին Ադրբեջան 1989 թվականին», որին արձագանքում է Ռոբերտ Քոչարյանն ու ասում, «այո, տեղափոխվեցին այն ժամանակ, երբ արդեն Սումգայիթի ու Կիրովաբադի հայության ջարդը եղել էր»։ Բայց չգիտես ինչո՞ւ, որևէ մեկը չի խոսում այն մասին, որ հայերը փախստականներ են, որովհետև այդպիսին են դարձել ցեղասպանության արդյունքում։ Հայաստանի տարածքում որևէ ադրբեջանցու նկատմամբ բռնություն չի եղել, պետական մակարդակով վերահսկվել է, որպեսզի որևէ ադրբեջանցու նկատմամբ բռնաճնշում չլինի։ Այս ամենին զուգահեռ՝ Բաքվում ու Սումգայիթում Ադրբեջանը պետական մակարդակով կազմակերպեց ու իրականացրեց հայերի ցեղասպանություն, բռնաճնշում ու բռնի տեղահանություն»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Նրա խոսքով՝ այսօր հայկական կողմից Ալիևի հայտարարություններին չկա նորմալ հակադարձում, որի արդյունքում էլ մեծանում են Ադրբեջանի նախագահի ցինիզմն ու ֆանտազիաները։ Բացի այդ, կան հայ պատմագետներ, որոնք օգտագործում են «ադրբեջանցի փախստականներ» եզրույթը, մինչդեռ հազվադեպ են խոսում ադրբեջանահայերի ցեղասպանության, նրանց հետ կատարվածի մասին։ Տպավորություն է, որ նրանք Ալիևին շանս են տալիս, որպեսզի նա իր առաջ դրած խնդիրները նպատակային իրականացնի։
«Այն նույն պատմագետները նույնիսկ այսօր չեն խոսում Արցախի հետ կատարվածի մասին։ Այսինքն՝ մենք մի երկիր ենք, որն ունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պարբերաբար անցկացնում ենք ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումներ, բայց այս նույն երկիրը չի ճանաչել Արցախի հետ կատարվածը՝ որպես ցեղասպանություն, ճանաչում են՝ որպես բռնաճնշում։ Սա քաղաքական պատվեր է, որը մի կողմից՝ թուրքական շահն է սպասարկում, մյուս կողմից՝ ավերում է հայությանն իր կենսատարածքի վերջին բեկորի վրա գտնվելու համար։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է հայկական կողմը թույլ տալիս, որպեսզի դահիճն իրեն դնի զոհի կարգավիճակում, ինչ-որ Խոջալուի դեպքեր է հորինել ու փաթաթել մեր վզին, իսկ մենք ոչինչ չենք անում։ Հայության ցեղասպանության մասին չենք խոսում, այսօր էլ արդեն Արցախից չենք խոսում»,- շեշտեց Մարիամ Ավագյանը։
Նրա բնորոշմամբ, եթե նույնիսկ հիմա ՀՀ իշխանությունը հակադարձի Ալիևին, այն լինելու է ոչինչ չասող հայտարարություն, քանի որ իշխանությունների հակադարձումները մշտապես լինում են «անատամ», թույլ։
«Ստեղծվել էր «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ես էլ համահիմնադիրն եմ, հետո հասկացա, որ իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը դարձրել է ինքնակոչ ինչ-որ նախագահի կազմակերպություն, մենք չկանք, որևէ որոշման ու խորհրդակցության չենք մասնակցում։ Այն ինչ-որ դեկլարատիվ կոչեր է տարածում։ Իրենք զրոյացնելով այս դաշտը, զրոյացնում են Ադրբեջանի դեմ պայքարի բոլոր ձևերը։ Բառացի այսօր հայկական կողմն ազատ է թողել Իլհամին՝ իր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի հետ. պետական ու հանրային դաշտը ոչինչ չի անում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մարիամ Ավագյանը նաև հայտարարեց, որ Արցախի իշխանությունը չպետք է ձեռք քաշի Արցախից, պետք է Արցախի պահպանման գաղափարը միշտ պահի։ Թող ինձ մատնացույց չանեն ՀՀ իշխանությանը, թե իրենց խանգարում են, ես այս մասին էլ եմ իրենց ասել։ Արցախի իշխանությունը տարբեր ժամանակներում կարողացել է արցախահայերի պաշտպանությունը կազմակերպել, նրանց փրկել, հետևաբար՝ այսօր էլ կարող է նույնն անել։ Ակնկալում եմ, որ Արցախի իշխանության մեջ պետք է լինեն նվիրյալներ, այդ թվում՝ նվիրյալներ նաև հանրային հատվածում։ Հիմա ինքնապաշտպանության հաջորդ կարևոր փուլն է։ Ես չգիտեմ՝ վերջին շրջանում Արցախի իշխանությունների նկատմամբ տեղի ունեցած ցուցադրական գործողություններն ինչ էին, գուցե ցուցադրություն Ադրբեջանին, թե վերջնականապես բնաջնջում են Արցախը։
Բայց հիմա եթե ձեռքներս ծալած նստենք, ամենամեծ դավաճանությունը կլինի, հայությունը հասել է մի տեղ, որտեղից նրան պետք է փրկեն նվիրյալները»,- եզրափակեց Մարիամ Ավագյանը։
0Comments