«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելեց Իրան, որտեղ հանդիպեց Իրանի նախագահին և ՊՆ նախարարին, իսկ առավոտյան հանդիպել է Ալիևին: Ո՞րն է եղել հանդիպումների հիմնական օրակարգը:
- Ինձ թվում է ակնհայտ է, բոլորը սպասում են Իրանին պատասխանին, թե ինչ քայլերի կդիմի: Հայտարարություններ են հնչում Իսրայելից և Միացյալ Նահանգներից, որ հարվածներ լինեն միայն ռազմական օբյեկտներին, խաղաղ բնակչության նկատմամբ զոհեր չլինեն: Այսինքն բոլորն ընդունում են, նաև Իսրայելը, որ Իրանը հարվածի իրավունք ունի, բայց հիմա այդ հարվածների կանոնների շուրջ է գնում պայմանավորվածությունը: Եվ նաև տելեգրամ ալիքներում նշում են Նախիջևանի ադրբեջանական կորպուսի հրամանատարի անունը, որին աշխատանքից ազատեցին, որովհետև ինֆորմացիա արտահոսեց, որ Իսրայելն այնտեղ հրթիռներ է տեղադրել և այդ տեղեկատվության արտահոսքի պատճառով հրամանատարին հեռացրել է: Այդ ինֆորմացիան չի հերքվել, եթե դա ճիշտ է, անուններ են տրվում, գուցե այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանի տարածքը Իսրայելը կարող է օգտագործել և այդ դեպքում արդեն կոնֆլիկտը շատ մեծ է լինելու, որովհետև դրան կմիջամտի Թուրքիան, ինչ-որ կերպ Ռուսաստանը չի կարող ձեռնպահ մնալ և եթե այս տրամաբանության ենք նայում այդ այցին, երևի ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Շոյգուն: Եվ նա էլ փոխանցել է Բաքվին, որ ադրբեջանա-իրանական սահմանին բախումներ չլինեն:
- Որքան էլ ճնշումները ուժեղ լինեն Իսրայելի կողմից, Ալիևը կգնա՞ այդ ռիսկին ու Իրանի դեմ դուրս կգա՞:
- Ես դժվար թե այդ հարցին պատասխանեմ, բնականաբար Ալիևին դա ձեռնտու չէ, բայց հնարավոր է իրավիճակ, որ Ադրբեջանն ամբողջովին չի վերահսկում իր զինված ուժերը և Իսրայելի ազդեցությունն է մեծ, և Թուրքիայի ազդեցությունն է մեծ ու հետաքրքիր է, որ Թուրքիայի , Իսրայելի հարաբերությունները սրված են ու հնարավոր է ինչ-որ կոնֆլիկտ, առանց Ադրբեջանի ղեկավարի ցանկության:
- Ստացվում է, որ անակնկալներով լի իրավիճակ կարող է ստեղծվել Ադրբեջանի ղեկավարության համար:
- Անակնկալ վիճակ չի, այստեղ Իսրայելի ամբողջ քաղաքականությունն այն է, որ սրելով իրավիճակը՝ ստեղծել իսրայելա-իրանական բախում, որպեսզի ներգրավվի Միացյալ Նահանգներին այս կոնֆլիկտի մեջ: Այս դեպքում, եթե Ադրբեջանը նույնպես ներգրավվի Իրանի դեմ կոնֆլիկտին, բնականաբար նաև Թուրքիան կարող է ներգրավվել: Դա Իսրայելի ծրագիրն է, որ կոնֆլիկտը մեծացնի՝ թող ուրիշները միմյանց հետ պատերազմեն, որ իսլամական աշխարհը մասնատվի:
- Կարո՞ղ ենք եզրահանգման գալ, որ համաշխարհային պատերազմի շեմին ենք կանգնած։
- Ես չգիտեմ համաշխարհային պատերազմի շեմին ենք կանգնած, թե ոչ, բայց ըստ երևույթին, Միացյալ նահանգների և Ռուսաստանի միջև կոնսուլտացիաներ կան և Իրանի հարցով երևի նրանք ինչ-որ բանակցությունների մեջ են և երևի կոորդինացնում են իրենց գործողությունները, որից կարելի է ենթադրել, որ եթե կոորդինացնում են, ապա նաև հնարավոր է ուկրաինական պատերազմի հաշվին՝ պատերազմում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն:
- Դրանո՞վ եք պայմանավորում Զելենսկու կողմից վերջին շրջանում, նաև այսօր, արված հայտարարությունները:
- Ոչ միայն դրանով․ ակնհայտ է, որ Ուկրաինան պետք է գնա զիջումների, այլ ելք չկա և այո, Զելենսկու հայտարարությունները դրա հետ են կապված, իսկ իրանա-իսրայելական կոնֆլիկտը ավելի է տանում նրան, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ինչ-որ համաձայնության գան, որովհետև այստեղ նաև Միացյալ Նահանգների ընտրությունների հարցը կա՝ գործող ադմինիստրացիան չի ցանկանա, որ մինչև նոյեմբեր, մինչև ընտրություններ մեծ կոնֆլիկտ լինի, որը կխանգարի իրենց թեկնածուի հաղթանակին:
0Comments