Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կիավում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներով ու գործնական նորություններով, այլեւ հաճախ բարձրաձայնում խնդիրներ ու իր հետեւորդներին մասնակիցը դարձնում տարբեր քննարկումների։ Այս անգամ Նազենին կիսվել է 10 օգտակար խորհուրդներով, որոնք վերաբերում են համացանցի զարգացմամբ պայմանավորված խարդախություններից եւ տհաճ միջադեպերից խուսափելուն։ Դերասանուհի-հաղորդավարուհին առանձնացրել է 10 խորհուրդ միայն «հեռախոսային ժամանակներում ապրած դեռահասներին»՝ «մի քիչ ավել ու էն ժամանակ անհեռախոս ապրած մարդուց»․
Երբեք մի գրեք ու մի ուղարկեք որեւէ մեկին այն, ինչը չեք ուզի մի օր հրապարկվի հանրային կերպով: Չէ՞, որ չգիտեք ձեր պատանեկան ջրիկությունը ինչպես կօգտագործվի ձեր դեմ, ու չգիտեք ձեր ներկայիս ընկեր-ծանոթը ով կդառնա վաղը։
Մի նկարեք ձեր մարմնի մերկ մասերն ու մի ուղարկեք ոչ ոքի․ Նույնիսկ, եթե կարծում եք, թե գժի պես սիրահարված եք, շանտաժի առիթ չդառնաք:
Բայց, եթե հայտնվել եք վատ վիճակում, ավելի լավ է ընտանիքին դիմել ու լուծել խնդիրը, քան ավելի խորացնել ստի ու մոլորության կծիկը. որեւէ սուտ մի օր դառնում է բացահայտ:
Մի արեք տափակ, հայհոյական կամ վիրավորական մեկնաբանություններ հանրայնորեն՝ այս կամ այն գրառման տակ․ գուցե, մի օր դառնաք նախարար կամ ...վարչապետ, ու... տխուր բան դառնան դրանց սքրինները։
Հիշեք, հիշեք այն ամենն, ինչ կարող եք, որովհետեւ մի օր ուղղակի կարող է նստել մարտկոցը, վերանալ ինտերնետը ու ձեռքի տակ չլինի հուշարար- հեռախոսը: Իսկ ուղեղը ձերն է ու միշտ ձեզ հետ՝ լցրեք Նրա հիշողությունը:
Նկարվեք ու փաթաթվեք, նկարեք, հարցեր տվեք ու էլի լիքը նկարեք ձեր ծնողներին, որովհետեւ հետո բոլոր հարցերի պատասխանները գտնելու եք նրանց մեջ: Իսկ կարոտն առնելու եք անմահացրած պահերից:
Անպայման անգիր իմացեք ձեզ համար ամենակարեւոր մեկի համարը, որ հանկարծ, եթե լինեք մենակ, անհեռախոս ու օտարության մեջ՝ հիշեք էն միակ հեռախոսահամարը, որով կարող եք զանգելԼ( թեկուզ ավտոմատից) ու օգնության դիմել:
Ամեն հավելված ներբեռնելիս ուշադիր կարդացեք պայմանները․ ձեր անձնական տվյալները սովորեք պաշտպանել հիմիկվանից...Կիբեր անվտանգությունը հայրենիքի սահմանի անվտանգության նման կարեւոր է՝ Երկրի ու ձեր անձնային տարածքի համար:
Հետեւեք հիգիենային. Հեռախոսային, կիբեր, սոց կայքային ու առցանց՝ բոլոր տեսակների հիգիենան կարեւոր է՝ ինչպես, որ ֆիզիկականը:
Մի ալարեք մտածել, դատել ու հասկանալ․ ոչ մի սմարթ-ֆոն կամ արհեստական բանականություն դա չպիտի անի ձեր փոխարեն, մարդը բանական էակ է:
Հիշեք՝այն ինչ անում են բոլորը՝ դեռ չի նշանակում, որ ճիշտ են անում, գուցե լրիվ հակառակը....Եղեք ու մնացեք ինքնուրույն, բայց ոչ միայնակ՝ ձեր դժվարությունների հետ...
0Comments