Հաշվի առնելով ՌԴ շինարարական շուկայում տիրող իրավիճակը` այս տարի հնարավոր է ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնածների որոշակի կրճատում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Ռոսստատի» տվյալներով՝ Ռուսաստանում բնակարանային շինարարությունը 2024 թ. դեկտեմբերին կրճատվել է 19,1 %–ով, իսկ ամբողջ 2024 թ.համար՝ 2,4%–ով։ ԿԲ գնահատականներով` շինարարության ծավալների նվազումը կարելի է բացատրել երկու պատճառով։ Առաջին հերթին՝ առանցքային տոկոսադրույքը Ռուսաստանի բանկի կողմից աճել է, հետևաբար աճել են նաև բիզնես վարկերի տոկոսադրույքները։ Այժմ դրանք միջինում կազմում են մոտ 30 տոկոս, ինչը կարող է զսպել ներդրումների ինչ-որ մասը, այդ թվում՝ շինարարության ոլորտում։ Երկրորդ. կրճատվում են արտոնյալ հիփոթեքային ծրագրերը, ինչը ենթադրում է նաև շինարարության կրճատում։
Վերջին 1–2 տարվա ընթացքում ԿԲ–ն բազմիցս նշել է, որ Հայաստանում և Ռուսաստանում հայ աշխատողների եկամտի տարբերությունը զգալիորեն նվազել է:
Նշենք, որ Ռուսաստանը մշտապես եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ 2022 թվականից ի վեր դրանց ծավալը զգալիորեն աճել է. 2024 թվականին 2021 թվականի համեմատ դրանք 4 անգամից ավելի աճել են՝ կազմելով մոտ 3 մլրդ 821 մլն դոլար։
0Comments