Եթե մեզ թվում է, որ 2026 թվականի ընտրությունները հեռու են, ապա այդպես չէ. քաղաքական գործիչները միշտ մտածում են հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչները՝ հաջորդ սերունդների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:
«Հիմա մենք ոչ թե մտածում ենք՝ ո՞նց անենք, որ վերականգնենք հայրենիքը, ոնց անենք, որ այլեւս կորուստներ չունենանք, ազգային միասնություն լինի, այլ հերթական ընտրությունների մասին ենք մտածում»,-ասաց նա:
Անդրադառնալով Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին, երբ նա դժգհել էր դպրոցաշինության որակից եւ աշխատանքից ազատել մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի նախագահին, Թեւան Պողոսյանն ասաց. «Երբ կառավարության ղեկավարն է կատարում ստուգողական ֆունկցիաներ, նշանակում է, որ ստուգողական ֆունկցիաներ ունեցող պետական բոլոր ինստիտուտները չեն աշխատել: Փաշինյանը տեսել է երեւացող բաները, իսկ պատի ամրությունը, շենքի հիմքը ամուր է, թե ոչ, արդյոք դրանք համապատասխանում են սեյսմակայունության չափանիշներին, թե ոչ»:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի վարքը ցուցադրություն էր, քաղաքական գովազդ, թեմաների շեղում, ցույց տալու, որ Ամանորը մեզ համար յուրահատուկ տոնական միջոցառումների օր չի, հաջորդ օրվանից աշխատանքի ենք: «Նա մեկ կրակոցով փորձել է մի անի նպատակի հասնել: Հարցն այն է՝ հասա՞վ իր նպատակներին, թե ոչ:
Գնացել եք, տեսել եք, վերացրեք թերությունները, մարդկանց էլ հեռացրեք, ինչո՞ւ եք մեզ դա ցուցադրում: Եթե ավարտական ակտ է եղել, նշանակում է՝ ներքեւից վերեւ ոչ մի համակարգ չի աշխատում, որ եկել հասել է այսօրվան»,- ընդգծեց նա:
0Comments