Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքականության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ, ով, որպես կանոն, պաշտոնական Կրեմլի տեսակետներից տարբերվող կարծիք է հայտնում։
- Ալեքսանդր Վլադիմիրովիչ, Հայաստանում կրկին խառը վիճակ է։ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Տավուշի գյուղերը, եւ մարդիկ այնքան դժգոհ են, որ ամեն պահի կարող են ինքնակազմակերպվել։ Ո՞րն է Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը, ըստ Ձեզ, եւ ի՞նչ է լինելու խաղաղության ստորագրումից հետո։
- Փաշինյանն իրականացնում է Արեւմուտքի ծրագիրը, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ամեն գնով։ Արեւմուտքին այնպիսի խաղաղություն է պետք, որ Ադրբեջանն Արեւմուտքից չնեղանա, եւ դրա համար բոլոր զիջումները պետք է իրականացնի հայկական կողմը։ Փաշինյանն իրագործում է այս պլանը։ Կարծում եմ՝ նա խորապես թքած ունի Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ քայլը լինելու է ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։ Ասվելու է, որ, ահա՝ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը, եւ մեզ էլ պետք չէ Ռուսաստանի ռազմական ներկայությունը, առավել եւս, որ Ռուսաստանը մեզ չպաշտպանեց, մենք ստիպված եղանք տարածքներ հանձնել, մեզ էլ ոչինչ չի սպառնում, եւ ռուսները միայն գրգռիչ գործոն են, մեզ խանգարում են համագործակցել Արեւմուտքի հետ։ Հետո արդեն Արեւմուտքը Հայաստան կմտնի նաեւ տնտեսապես, ու Հայաստանն արդեն կլինի կրճատված վիճակում։ Ահա՝ այսպիսի եզրակացություն է բխում Փաշինյանի քաղաքականությունից։ Բայց նա լուրջ սխալ է գործում՝ համարելով, որ տարածք հանձնելը, Զանգեզուրի միջանցքը տալը Հայաստանի անվտանգության երաշխիքն են։ Սա ամենաանհեթեթ հիմարությունն է, որ ես երբեւիցե լսել եմ։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ստորագրած պարտավորությունները երբեք չեն պահպանվել եւ չեն էլ պահպանվելու։ Առհասարակ, հավատալ իրենց թյուրքական աշխարհի մի մասը համարող թուրքերի եւ ադրբեջանցիների ստորագրած համաձայնություններին՝ ի սկզբանե ձախողված քայլ է։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Էրդողանը հուսալի գործընկեր է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է նա անընդհատ խախտում իր ստորագրած պայմանավորվածությունները կամ բանավոր համաձայնությունները։ Օրինակ, ունեինք համաձայնություն, որ «Ազովի» գումարտակի հրամանատարներին չվերադարձնեն Ուկրաինային, իսկ նա վերադարձրեց։ Ադրբեջանը 1994 թվականին հրադադար էր ստորագրել, նախաստորագրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ոչինչ չարեց, ամենը խախտեց՝ հարձակվեց Հայաստանի վրա եւ դեռ մի բան էլ խախտեց ՌԴ-ի եւ Հայաստանի հետ ստորագրած եռակողմ համաձայնագիրը, էթնիկ զտումներ իրականացրեց ԼՂՀ-ում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ նա բացարձակապես անհուսալի գործընկեր է, կոնտրագենտ։ Անգամ լուրջ տարածքային զիջումները եւ Զանգեզուրի միջանցքը Հայաստանին չեն փրկելու հետագա ոչնչացումից, եւ Արեւմուտքը, իհարկե, չի օգնի։
- Արեւմուտքին մեզնից ի՞նչ է պետք, եթե այստեղ թեժ լինի, իրենց համար դա լա՞վ է։
- Առայժմ Արեւմուտքը կարող է Հայաստանին օգտագործել Իրանի դեմ, հետախուզական կենտրոններ ստեղծել, դիվերսիոն խմբեր ուղարկել, հնարավոր է՝ այսպիսի ծրագիր ունի։ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահելով, նույն Ադրբեջանին կարող են օգտագործել Իրանի դեմ, դուրս վռնդել Ռուսաստանին տարածաշրջանից, եւ Փաշինյանն իրագործում է այս պլանը, իսկ Հայաստանի շահերը բացարձակ չկան նրա քաղաքականության մեջ։ Այսքանը՝ Փաշինյանի գործողությունների տրամաբանության մասին։
- 4 գյուղերի հանձնման իրավական հիմքը Պրահայի համաձայնագրերն են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը եւ այն անհայտ քարտեզները, որոնցով պետք է դելիմիտացիա լինի։ Հիմա մեր երկրի ղեկավարը գնում է դրան, եւ ի՞նչ՝ մենք էլ ելք չունե՞նք։
- Դուք հղում եք կատարում Պրահայում ստորագրած փաստաթղթին։ Ինչ է՝ Պրահայում սահմանների դելիմիտացիա՞ է արվել։
- Պրահայից հետո մեզ հստակ ասվեց, որ այդ հողերը Հայաստանի սահմանների մեջ չեն մտնում, որ դրանք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, Հայաստան չեն, եւ ոչ մի քարտեզ մեզ չի ներկայացվում։
- Որքան ես գիտեմ, միակը, ինչի մասին պայմանավորվել են Պրահայում, այն է, որ սահմանները գծվելու են ըստ Ալմա-Աթայի դեկլարացիայի, այսինքն՝ 91 թվականին գոյություն ունեցող սահմանների։ Այդ գյուղերն այն ժամանակ մտել են Հայաստանի մեջ, թե ոչ՝ դժվար է ասել։
- Ի դեպ, Դուք ասում եք, որ Փաշինյանը սխալվում է՝ մտածելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանին ոչինչ չի սպառնա, բայց Ոսկեպարում, երբ նրան ուղիղ հարցրին, թե հողերը հանձնելուց հետո նոր տարածքներ չե՞ն ուզի, նա ասաց, որ հուսով է։ Այսինքն՝ ինքն էլ գիտի, որ չկա երաշխիք։
- Դա կոչվում է մարդկանց ուղեղների լվացում, պրոֆանացիա։ Նա ոչինչ չգիտի, բայց դրա հիման վրա որոշումներ է ընդունում։ Պետական գործիչը կարո՞ղ է նման կերպ վարվել։ Ոչ։ Հետեւապես, նա հետամուտ է մի ծրագրի, որի մասին չի կարող հայտնել հանրությանը, եւ որի իմաստն Ադրբեջանի ախորժակը բավարարելն է։ Վերադառնալով Պրահայի համաձայնությունների մասին Ձեր հարցին․ այնտեղ ոչ մի քարտեզ չի դիտարկվել։ Ընդունվել են ընդհանուր դրույթներ։ Փաշինյանը պետք է ներկայացնի հանրությանը, թե որ քարտեզներն են հիմք ընդունվելու։ Որքանով ինձ է հայտնի, Ադրբեջանն ընդհանրապես մերժում է որեւէ քարտեզ օգտագործելու գաղափարը, իսկ սա նշանակում է, որ նա պահանջելու է այն, ինչ կամենա։ Իսկ Փաշինյանը փորձում է թաքցնել այս իրավիճակը, սքողել նրանով, թե, իբր, Պրահայում ինչ-որ բան են պայմանավորվել։ Սա լուրջ չէ։ Եթե խոսքը տարածքների զիջման մասին է, ապա այս հարցը չի կարող լուծվել Պրահայում Փաշինյանի կողմից ստորագրածով։ Այն պետք է ունենա երկրի պառլամենտի կողմից վավերացված համաձայնագրի տեսք։ Փաշինյանը չունի ոչ մի իրավասություն՝ նման բան անելու։ Ի՞նչ է ասում ՀՀ սահմանների փոփոխության մասին ՀՀ Սահմանադրությունը։
- Ասում է, որ դա կարող է լինել հանրաքվեի ճանապարհով։
- Դե ուրեմն պետք է հանրաքվե անի։ Իսկ եթե ոչ, եթե խախտում է, ապա նա, ըստ ՀՀ օրենսդրության, հանցագործ է։ Թող հանրաքվե անի՝ տա՞լ Տավուշի գյուղերը, թե՞ ոչ, եթե նա այդքան դեմոկրատ է, ինչպես փորձում է ներկայանալ։ Նա հասկանում է, որ եթե լինի հանրաքվե, ինքը կպարտվի, եւ փորձում է մարդկանց գլուխներն արդուկել, ասել, որ եթե մենք չհանձնենք տարածքները, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Սա դեմագոգիա է։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն այս հարցում օգնում է Փաշինյանին, որովհետեւ մինչեւ այս պահը ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարություն չի արել։ Սա տարօրինակ է նայվում, անբնական, երբ ռազմական դաշնակիցը չի պաշտպանում իր դաշնակցի տարածքային ամբողջականությունը։ Արդեն բոլորն արտահայտվել են ՀՀ տարածքային ամբողջականության օգտին՝ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Իրանը, ե՛ւ Հնդկաստանը, անգամ՝ Վրաստանը, իսկ մեր ԱԳՆ-ն լռում է։ Պրոադրբեջանական լոբբին մեծ ազդեցություն ունի Մոսկվայի որոշումների վրա եւ բերում է ողբերգական իրադարձությունների, ինչպես ահաբեկչական ակտը «Կրոկուս սիթիում», երբ մահացան մեծ թվով մարդիկ, որի ադրբեջանցի սեփականատերերը ոչնչով չէին ապահովել այդ հաստատությունը։ Հայերի համար եւս ողբերգական հետեւանքներ են ունենում Մոսկվայի սիրախաղերն ադրբեջանական լոբբիի հետ՝ Ղարաբաղի էթնիկ զտումները, հիմա էլ արդեն Փաշինյանն ուզում է հանձնել Տավուշի գյուղերը, իսկ Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանի առողջ ուժերին։ Ռուսաստանը պետք է հայտարարի, որ սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, եւ թույլ չի տա սահմանների հարցի ռազմական լուծում։ Այս դեպքում Փաշինյանը չէր կարողանա սպեկուլյացիաներ անել պատերազմի վրա, ասել, որ մենք պետք է հանձնենք, թե չէ՝ մեզ կտրորեն, կգրավեն, ու մեզ ոչ ոք չի օգնի։
- Ձեր կարծիքով, պատերազմի հավանականությունը ռեա՞լ է։
- Պատերազմի հավանականություն միշտ կա, բայց Ադրբեջանը հիմա չգիտի, վստահ չէ, թե ինչպիսին է լինելու Մոսկվայի ռեակցիան։ Նա հույս ունի, որ մեր ձեռքերը կապված են հատուկ ռազմական գործողությամբ, եւ մենք հանդես չենք գա ի պաշտպանություն Հայաստանի։ Բայց, միեւնույն է, մեր ռազմաբազան Հայաստանում է, Հայաստանն ինքը բանակ ունի, որքան ես գիտեմ, Տավուշի դիրքերն ամուր են, եւ եթե ռուսական բազան միանա ՀՀ զինուժին, ապա Ադրբեջանը հազիվ թե հաջողության հասնի։ Դե, կարող է Թուրքիան խառնվել Ադրբեջանի կողմից, բայց Ռուսաստանը միջուկային գերտերություն է, եւ եթե Թուրքիան մտնի Հայաստան, մենք կարող ենք կիրառել միջուկային զենք, եւ այս մասին պետք է գոնե ակնարկվի։ Իսկ եթե Թուրքիան չմտնի, ապա Ադրբեջանը շանս չի ունենա՝ իհարկե, ռուսական ռազմաբազայի մասնակցության դեպքում։ Ի վերջո, եթե դրան հասնի, Ռուսաստանը կարող է արգելափակել Ադրբեջանին, ռազմական բլոկադա սահմանել Կասպից եւ Սեւ ծովերում, ադրբեջանական նավթն ու գազը կբլոկավորվեն։
- Ինչո՞ւ Պուտինը չի գնում կոնկրետ քայլերի։ Չէ՞ որ նա գիտի, որ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի ձեռքին հիմա պատանդ է, որ հայերից շատերը դեռ հավատում են Ռուսաստանին։ Փաշինյանն ինչ ուզում, ստորագրում է, ինչ ուզում, հանձնում է, հակառուսական քայլեր է անում, առանց մեզ հարցնելու, իսկ Պուտինը, նեղանալով Փաշինյանից, վնասում է մեր ժողովրդին։ Որքանո՞վ է Նիկոլից նեղանալը լուրջ գործոն մեծ քաղաքականության մեջ։
- Մեր ԱԳՆ-ն բավականին պրիմիտիվ է գործում։ Մարդիկ, որոնք դաստիարակվել են Շեւարդնաձեի, Կոզիրեւի կողմից, ի վիճակի չեն ստրատեգիական մտածողություն ցուցաբերել։ Մարդիկ նեղացել են Փաշինյանից, որոշել են քցել Հայաստանը՝ սա մանկապարտեզ է։ Պետք է աջակցել Հայաստանի առողջ ուժերին, չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը Ռուսաստանին հայտարարի դավաճան։ Իսկ հիմա բոլորը տեսնում են, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին, ու կամա-ակամա ստացվում է, որ Փաշինյանը ճիշտ է, մարդիկ էլ մտածում են, որ իրենց դաշնակիցն իրենց դավաճանել է։ Իսկ ԱԳՆ-ն զբաղեցրել է պրոադրբեջանական դիրքորոշում, փոխանակ հանդես գա սկզբունքային դիրքերից, ասենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից, որը մենք պարտավորվել ենք պաշտպանել։ Սա վնասում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին։ Սա օրինականացնում է Փաշինյանի քաղաքականությունը եւ սա աբսուրդ է, սա ՌԴ ԱԳՆ-ի պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, որի պատճառով մենք ժամանակին կորցրինք Վրաստանը։ Սահակաշվիլին եկավ իշխանության հեղաշրջման ճանապարհով, եւ նրան ՌԴ ԱԳՆ-ն ճանաչեց, չգիտես ինչու։ Ասլան Աբաշիձեն պրոմոսկովյան մարդ էր, այնտեղ՝ Աջարիայում, մեր ռազմաբազան էր, մենք կարող էինք նրան չհանձնել Սահակաշվիլուն, հանձնեցինք։ 2008 թվականին կար Սահակաշվիլու ռեժիմը տապալելու հնարավորություն, բայց մենք չարեցինք դա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր ԱԳՆ-ն նման խորհուրդներ էր տալիս։ Ասում էին՝ մենք չենք խառնվում ներքին գործերին, իսկ Արեւմուտքն ինչ ուզում, անում էր։ Դե, արեցինք այդպես ու կորցրինք մեր դիրքերը՝ մեկը մյուսի հետեւից։ Հայաստանում նույնն է կատարվում։
0Comments