Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Մանրամասներ
ամն

Սպիտակ տունը «անհեթեթություն» է անվանել «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա կատարված հարձակմանն Ուկրաինայի մասնակցության մասին Ռուսաստանի պնդումները՝ ընդգծելով, որ միջադեպի պատասխանատվությունը միայն կրում է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Հինգշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները գրավոր նախազգուշացում է տվել ռուսական հետախուզական գործակալություններին՝ ծայրահեղականների հարձակման մասին:

«Ակնհայտ է, որ ԻՊ-ն է ամբողջ պատասխանատվությունը կրում անցյալ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության համար»,- ասել է Քիրբին։ – Իրականում Միացյալ Նահանգները փորձել է օգնել կանխել այդ ահաբեկչությունը։ Եվ Կրեմլը գիտի դա»:

Քիրբին ասել է, որ մարտի 22-ի հարձակմանը ընդառաջ ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանի իշխանություններին հստակ, մանրամասն տեղեկություն է տրամադրել Մոսկվայում խոշոր հավաքների և համերգների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի մասին։

«Մարտի 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին, հետևելով նորմալ ընթացակարգերին և նախկինում բազմիցս օգտագործված հաստատված ուղիներով, ԱՄՆ կառավարությունը գրավոր նախազգուշացում է ուղարկել Ռուսաստանի անվտանգության ծառայություններին», - ասել է Քիրբին: «Բացի այդ, հաջորդ օրը՝ մարտի 8-ին, մենք հրապարակային նախազգուշացում արեցինք՝ խնդրելով Ամերիկայի քաղաքացիներին խուսափել Մոսկվայում մեծ հավաքներից և համերգներից»:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել զգոն լինել և նախազգուշացնել երկրների կառավարություններին նոր սպառնալիքների մասին: