Նախորդ տարվա վերջին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն խոսում էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը մի քանի հստակ մեսիջներ էր հղել աշխարհին, այդ թվում՝ տարածաշրջանի դերակատարներին։
Նա հստակ ասել էր, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, աջակցում են «Հյուսիս-Հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաև ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նա նաև հավելել էր, որ «Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովվի՝ առանց արտաքին ուժերի միջամտության»։
Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարությունների ու Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների ֆոնին պատահակա՞ն էր ՀՀ Իրանի ԱԳ նախարարի այցն ու նրա հայտարարությունները։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսելով այս հարցի ու հարակից մի քանի հարցերի շուրջ, ասաց, որ ակնհայտ է, որ Իրանի ԱԳ նախարարի այցը տեղի էր ունենում տարածաշրջանային զարգացումների ֆոնին, և դրանցում առաջնային օրակարգը, բնականաբար, եղել է անվտանգայինը։
«Անշուշտ, սուղ հաղորդագրություններում կամ մամուլի համար հնչեցված հայտարարություններում մանրամասներ շատ չեն եղել, բայց որևէ պայծառատեսություն պետք չէ՝ հասկանալու համար, որ իրանական կողմը խիստ շահագրգիռ է մեր տարածաշրջանում իր շահերն առաջ մղելու հարցում։ Այդ շահերը շատ հարցերում համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Մասնավորապես՝ առաջին հերթին դա վերաբերում է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներին՝ արդեն ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։
Արցախը բռնազավթելուց հետո այդ տանդեմը կենտրոնացել է հենց Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի վրա, իսկ հայ-իրանական սահմանը, որն անցնում է Սյունիքով՝ հայկական կողմից, և Ատրպատականով՝ իրանական կողմից, Իրանի համար կենսական նշանակություն ունի։ Գրեթե նույն նշանակությունն ունի, ինչ Հայաստանի համար, հաշվի առնելով, որ դեպի հյուսիս-արևմուտք իրանական ելքի հայկականին համարժեք միակ այլընտրանքը արդեն իսկ միասնական դարձած թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տարածքն է։ Ուստի Հայաստանն Իրանի համար այս հարցում փաստացի միակ այլընտրանքն է»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ բացի այս, կա նաև Իրանի հոգևոր առաջնորդի հստակ հայտարարությունն առ այն, որ Հայաստան-Իրան հազարամյակների սահմանը որևէ պարագայում չի կարող խախտվել, վտանգվել կամ կտրվել։ Այս հայտարարությունն արվել է Թուրքիայի նախագահի հետ անմիջական հանդիպման ընթացքում՝ երես առ երես հանդիպման ժամանակ։ Հետևաբար՝ այս համատեքստում Իրանի արտգործնախարարը, որպես առաջնահերթ կարևորություն և Իրանի հոգևոր առաջնորդի ցուցում, այդ խնդիրն է առաջ մղում։
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ այս ամենը հաշվի առնելով, ակնհայտ է, որ իրանական կողմը, ինչպես ասում են, կատակ չի անում և լուրջ ու վճռական տրամադրվածություն ունի առ այն, որ եթե հանկարծ փորձ կատարվի որևէ ճանապարհով այդ «միջանցքը» կորզել, իրանական կողմի արձագանքը կարող է լինել շատ կոշտ և լինելու է շատ կոշտ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտությունը։
«Այս համատեքստում է տեղավորվում նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը չի փորձի «միջանցք» ստանալու համար դիմել ռազմական գործողությունների։ Շատ պարզ է, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամը և հազարամյակների հարևան պետությունը, գիտակցում է հայ-իրանական սահմանի կարևորությունը և իր ունեցած ողջ գործիքակազմով աշխատելու է այդ ուղղությամբ, նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, կարծում եմ, իր դիրքորոշումները շատ հստակ ներկայացնում է հայկական կողմին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հայաստան Իրանի արտգործնախարարի այցի հաջորդ կարևորագույն առանձնահատկությունը, իրանագետի բնորոշմամբ՝ Իրանի շահագրգիռ մոտեցումն է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ հյուպատոսություն բացի Թավրիզում, որն Ատրպատականի սիրտն է, իրանական հնագույն քաղաքներից մեկը։
Հայ-իրանական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ունենա այնտեղ հյուպատոսություն։ Ընդ որում, սա արվում է մեկ այլ համատեքստում, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը չափազանց դժգոհ է, որ իրեն թույլ չեն տալիս Թավրիզում բացել, այսպես կոչված, մշակութային կենտրոն, որն իրականում լինելու է լրտեսական որջ։ Բայց հայկական կողմին Իրանը նույնիսկ շահագրգռում է, որպեսզի հնարավորինս արագ հյուպատոսություն բացի։
Իրանագետը պնդում է, որ հյուպատոսարանի բացումը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ ու որակյալ, որովհետև առնչվում է հայ-իրանական հարաբերություններին առնչվող կենսական մի շարք խնդիրների։
Խոսելով տարածաշրջանում հնարավոր զարգացումների ու խնդիրների մասին, Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունների համատեքստը որքան հնարավոր է արագ և որակյալ պետք է բերվի ռազմավարական գործակցության մակարդակի՝ հաշվի առնելով մերձավորարևելյան գործընթացները։
«Իրանն անուղղակիորեն ներգրավված է մերձավորարևելյան մի շարք հարցերում, խոսքը վերաբերում է թե՛ Եմենին, թե՛ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությանը, թե՛ Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում ընթացող գործընթացներին։ Այս առումով ցանկացած գոտում որևէ լարվածություն, բնականաբար, Իրանից պահանջում է լրացուցիչ ռեսուրսների ուղղորդում։
Օրինակ, Եմենի հռթիռակոծումն Իրանից պահանջելու է լրացուցիչ ռեսուրսների ներդրում այս ուղղությամբ, ինչից Բաքվի բարբարոսական վարչախումբը կարող է որոշակիորեն ակտիվանալ ու համարել, որ հասունացել է պահն իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու համար։ Նման սցենարներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հայ-իրանական հարաբերությունները բերվեն դաշնակցային մակարդակի, դա ամրագրվի ռազմավարական համագործակցության մակարդակում։ Բնականաբար, դրա հիմնական մեխը պետք է դառնա անվտանգության խնդիրը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ անվտանգության համատեքստում չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը սկսի լրջորեն զբաղվել հնդկական Հյուսիս-Հարավ ծրագրի հայաստանյան բացվածքով՝ խոսքը ենթակառուցվածքների մասին է, և իրանական Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հանգույցի խնդիրներով։ Քանի որ նույն Եմենում ընթացող գործընթացները, հատկապես՝ կապված Կարմիր ծով նավագնացության ըստ էության դժվարացման հետ, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը Հյուսիս-Հարավ առանցքում գտնի իր տեղը։ Սա կարևոր ու ձեռնտու է ոչ միայն տնտեսական առումով, այլև վերը նշած անվտանգային խնդիրները հաշվի առնելու համատեքստում։
«Այս պարագայում Հայաստանը տարածաշրջանում կդառնա էլ ավելի ծանրակշիռ դերակատարություն ստանձնած գործոն։ Ըստ էության կտապալի Բաքվի բռնապետի կողմից առաջ մղվող՝ Հայաստանի մեկուսացման հստակ ու առաջ մղվող ծրագիրը, որի ապացույցն էին այդ բարբարոսի վերջին հայտարարություններն իր՝ Ամանորին հաջորդած հարցազրույցում։
Կարծում եմ՝ Հայաստանն իր տեղն ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում պետք է տեսնի Հյուսիս-Հարավ առանցքում իր բոլոր բաղադրիչներով՝ սկսած հաղորդակցության ուղիներից, վերջացրած անվտանգության խնդիրներով։ Այստեղ Հայաստանը կարող է դառնալ նաև չափազանց կարևոր հարթակ Իրան-Ռուսաստան համագործակցության համար, որովհետև Ամանորից առաջ Իրանը փաստացիորեն էլ ավելի խորն է ինտեգրվել առևտրատնտեսական հարաբերությունների առումով ԵԱՏՄ-ում։ Հայաստանն այն միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ՝ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում։ Բոլոր աշխատանքները պետք է առաջ մղվեն մեկ տեսլականով՝ առաջ մղել ՀՀ անվտանգությունը, Հայաստանը դարձնելով պետություն-ամրոց՝ թշնամական բոլոր նկրտումներին դիմագրավելու համար։ Պատրանքներ պետք չէ տածել, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը, այն վերածել ռեզերվացիայի»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։
0Comments