Լապշինը Երևանում կցուցադրի հանրահայտ կարմիր բաճկոնը

Բաճկոնը չի լվացվել այն ժամանակվանից ի վեր, ինչ ես դրանով նստել էի Ադրբեջանի ղեկավարի անձնական ինքնաթիռի բազկաթոռին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, իր ֆեյսբուքյան էջում հումորային գրառում է արել «հանրահայտ» կարմիր բաճկոնի վերաբերյալ:

Նա նշել է, որ հենց այդ բաճկոնով է եղել, երբ իրեն Մինսկից Բաքու են տեղափոխել:

Լապշինի խոսքով՝ կարմիր բաճկոնը «երկրորդ կյանք» է ստանում ու այսուհետ իր էջը կունենա համացանցում՝ Lapshin RED Jacket:

«Բաճկոնը չի լվացվել այն ժամանակվանից ի վեր, ինչ ես դրանով նստել էի Ադրբեջանի ղեկավարի անձնական ինքնաթիռի (4K-AZ888) բազկաթոռին: Այդ մեծ, փափուկ բազկաթոռին նստած թռել է ոչ միայն Ալիևը, այլև նրա մերձավորներն ու աջակիցները: Բաճկոնը պահվել է հերմետիկ փակ փաթեթում ու իր մեջ կրում է այդ ինքնաթիռի և դրա ուղևորների բոլոր բույրերը»,-գրել է Լապշինը:

Բլոգերը նաև մանրամասնել է, որ բաճկոնը ցուցադրության կհանվի Երևանում: