ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 10-ին ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ կարևորագույն օբյեկտներին, որոնք ապահովում են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների գործունեությունը: Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հավելել է, որ հարվածների հետևանքով համապատասխան օբյեկտների աշխատանքը դադարեցվել է, արգելափակվել է արտասահմանյան զենքի տեղափոխումը:
Երեկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ուղղությամբ 70 հրթիռ է արձակվել, որոնցից առնվազն 60-ը խոցվել է: Նրա խոսքով՝ կան զոհեր: Ամենաբարդ իրավիճակը Զապորոժիեի, Խարկովի և Խմելնիցկի շրջաններում է։ Թիրախում են հայտնվել նաև մայրաքաղաք Կիևը, Խարկովը, Լվովը, Օդեսան, Զապորոժիեն և այլ տարածքներ:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ չնայած զգալի կորուստներին՝ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները հիմնականում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Նովոպավլովսկի ուղղություններով։
ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԿԻԵՎԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ
Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա հավելել է, թե մինչ օրս հենց Կիևն է Վաշինգտոնի և Բրյուսելի գլխավորությամբ խաթարել բանակցային գործընթացը։
«Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք բանակցել` միայն եթե հաշվի առնվեն առկա իրողությունները և այն նպատակները, որոնց մասին արդեն հայտարարել ենք»,- նշել է Վերշինինը։
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր են արդյոք բանակցություններն ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք՝ փոխարտգործնախարարը շեշտել է՝ դա կախված չէ Մոսկվայից:
ՈՒԿՐԱԻՆԱՆ 2 ՏԱՐՈՒՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԴԱՌՆԱԼ ԵՄ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«Որոշ երկրների առաջնորդներ կարծում են, թե Ուկրաինային 10 տարի է պետք ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն մենք կարծում ենք, որ դա 2 տարում էլ կանենք: Մեզ նաև անվտանգության երաշխիքներ են հարկավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն երաշխիքը կլինի Կիևի համար:
«Պատերազմում հաղթանակից հետո կլինենք Դաշինքում»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։
0Comments