Հազի դեմ օշարակի պատճառով 300 երեխա է մահացել. ԱՀԿ-ն կոչ է արել գործողություններ ձեռնարկել

Մանրամասներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել «անհապաղ և համաձայնեցված գործողություններ» ձեռնարկել երեխաներին վնասակար դեղամիջոցներից պաշտպանելու համար: ԱՀԿ-ի այս հայտարարությանը նախորդել են հազի օշարակների պատճառով մի շարք երկրներում երեխաների մահվան դեպքեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից:

ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022 թ.-ին Գամբիայում, Ինդոնեզիայում և Ուզբեկստանում ավելի քան 300 երեխա (հիմնականում մինչև 5 տարեկան) մահացել է երիկամների սուր վնասումից, որն առաջացել է վնասակար նյութեր պարունակող դեղամիջոցների ընդունումից:

Մասնավորապես, երեխաներն ընդունել են առանց դեղատոմսի վաճառվող հազի օշարակներ, որոնց մեջ եղել է մեծ քանակությամբ դիէթիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ:

«Այս նյութերը թունավոր քիմիկատներ են, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական լուծիչներ և հակասառեցնող նյութեր, որոնք կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ օգտագործման դեպքում, և երբեք չպետք է լինեն դեղամիջոցներում», – հայտարարել է ԱՀԿ-ն:

ԱՀԿ-ն իր բոլոր 194 անդամ երկրներին կոչ է արել գործողություններ ձեռնարկել՝ մահվան հետագա դեպքերը կանխելու համար: Կազմակերպությունը որոշակի դեղամիջոցների հետ կապված ահազանգեր է ուղարկել և խնդրել է հեռացնել դրանք դեղատներից:

Դրանցից են հնդկական Maiden Pharmaceuticals և Marion Biotech ընկերությունների արտադրած օշարակները, որոնք կապված են համապատասխանաբար Գամբիայում և Ուզբեկստանում երեխաների մահվան դեպքերի հետ: Պարբերականը նշում է, որ անցյալ տարի նման ահազանգեր են ուղարկվել նաև ինդոնեզական 4 արտադրողների հազի օշարակների առնչությամբ:

ԱՀԿ-ն նաև արտադրողներին կոչ է արել դեղամիջոցների բաղադրիչներ գնել միայն որակավորված մատակարարներից:

Դեկտեմբերի վերջին «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ ըստ Ուզբեկստանի առողջապահության նախարարության՝ սուր շնչառական վիրուսային վարակի դեմ Հնդկաստանի Marion Biotech ընկերության դեղամիջոցը դարձել Է 18 երեխայի մահվան պատճառ: