Արևշատում ուսուցիչը աշակերտների բերանները ժապավենով փակե՞լ է. գործը ՔԿ-ում է, համայնքապետը ժխտում է

Մանրամասներ
դպրոց

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արարատի մարզի Արևշատ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչը կպչուն ժապավենով դասապրոցեսի ընթացքում փակել է աշակերտների բերանները: 24News-ը կապ հաստատեց Արևշատ համայնքի ղեկավար Ստեփան Նիկոլյանի հետ, վերջինս հերքեց շրջանառվող տեղեկատվությունը. 

«Սխալ տեղեկատվություն է, նման բան չկա: Ես ճանաչում եմ այդ ուսուցչին, ինքը ինձ 10 տարի դաս է տվել, շատ լավ ուսուցիչ է: Ու ինչ էլ ասում են հաստատ սխալ է եղել»: 

Բնակավայրի ղեկավարից փորձեցինք ճշտել, թե հնարավո՞ր է դասապրոցեսի ընթացքում խաղի ֆորմատով է նման բան կազմակերպել կամ արդյոք նա անձա՞մբ է զրուցել ուսուցչի հետ, Նիկոլյանը նշեց, որ տվյալ ուսուցիչը նման բանի ընդունակ չէ։

24News-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ-ի հետ ճշտելու տեղեկատվությունը: Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանը, նշեց, որ այո´, հաղորդում ստացել են և նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Նիկոլյանին տեղեկացրինք` ՆԳՆ-ից հաստատել են տեղեկատվությունը, որ նման հաղորդում է ստացվել, վերջինս համառորեն պնդեց, որ նման բան չի եղել: