Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, անշարժ գույքի հարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։
2025թ–ի վերջին և 2026թ–ի սկզբում Երևանի հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում անշարժ գույքի հարկը կհասնի ահռելի չափերի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
«Եթե նախկինում գույքահարկի հաշվարկի բազան գույքի կադաստրային արժեքն էր, ապա այսօր հիմք է վերցվում շուկայական արժեքի ինչ–որ գնահատում, որի կիրառման ու հաշվարկի բանաձևի արդյունքում մենք ստանալու ենք մի իրավիճակ, որ Կենտրոնում ապրող քաղաքացին գործնակնում ունենալու է մի ահռելի ֆինանսական ծանր բեռ»,– նկատում է տնտեսագետը` հավելելով, որ գույքահարկի հաշվարկի նոր բանաձևում հաշվի են առնվելու ոչ միայն գույքի գտնվելու վայրի գոտիականություն, այլև հարկայնությունը, տարիքը, շինության ձևը, անգամ՝ տանիքի կառուցվածքը։
Այս բոլոր գործակիցների համադրման արդյունքում, ըստ Կամենդատյանի, Երևանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը` 400 հազար և ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի շուրջ 30-40 հազար դրամ։
Ընդ որում, ֆինանսական ավելացող բեռի ողջ ծանրությունը երևանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ հիմնականում 2025 թ–ի դեկտեմբեր ամսին, քանի որ գույքահարկի վճարման վերջնաժամկետը տարեվերջն է։
Հիշեցնենք` գույքահարկի թանկացումը ՀՀ–ում սկսվել է 2021թ–ից` «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ։ Դրա համաձայն` գույքահարկի շեշտակի թանկացումից խուսափելու համար սահմանվել է ավելի բարձր դրույքաչափերի անցնելու 6–ամյա ժամանակացույց. 2021 թվականի դեկտեմբերին գույքահարկի համար կիրառվել է 25 տոկոս գանձում, 2022–ին՝ 30 տոկոս, 2023–ին՝ 35, 2024–ին՝ 50 տոկոսը, 2025–ին՝ 75 տոկոսը, և 2026 թ–ին գույքահարկը կգանձվի արդեն 100 տոկոսի չափով։ Այլ կերպ ասած` առաջիկա 2 տարում գույքահարկը 2024թ-ի համեմատ ևս 50 տոկոսով կթանկանա` տարեկան 25 տոկոսով։
Ընդ որում, օրենքով նախատեսված թանկացումը թեև տարածվում է ամբողջ հանրապետության վրա, բայց քանի որ անշարժ գույքի ամենաբարձր շուկայական արժեքը Երևանում է, ապա թանկացման ամենամեծ հարվածը բաժին է հասնելու հենց երևանցիներին։ Երկրորդ տեղում կլինեն երևանամեձ համայնքները, որտեղ գները գրեթե հավասարվել են մայրաքաղաքին, ապա Ծաղկաձոր, Դիլիջան, Գյումրի և այլ «թակարժեք» քաղաքները։ Մարզային համեմատաբար համեստ բնակավայրերում, մասնագետների հաշվարկով, թանկացման ազդեցությունն անհամեմատ մեղմ կլինի, որոշ դեպքերում նույնիսկ աննկատ, եթե, իհարկե, խոսքը ճոխ առանձնատների ու մեծ հողակտորների մասին չէ։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի ևս. գույքահարկը, ի տարբերություն շատ այլ հարկատեսակների, վճարվում է ոչ թե պետական բյուջե, այլ համայնքային, և պետք է ուղղվի համայնքի զարգացմանն ու սոցիալական ծրագրերին:
«Օրինակ` Երևանի քաղաքապետարանը, ունենալով գույքահարկի արդեն ավելի մեծ բազա, շարունակում է բարձրացնել մնացած հարկերն ու տուրքերը այն դեպքում, երբ մենք այս տարի ունենք մոտ 17-18 մլրդ դրամով ավելի շատ գույքահարկ։ Դրանով կարելի էր մեղմացնել այլ վճարներ, օրինակ` տրանսպորտի սակագինը։ Բայց ՔՊ–ն շարունակում է վարել իր հակաժողովրդական, հակասոցիալական քաղաքականությունը` անընդհատ բարձրացնելով տուրքերը, վճարները, նոր վճարներ հորինելով՝ վատթարացնելով քաղաքացիների սոցիալ–տնտեսական վիճակը»,– նշում է մեր զրուցակիցը։
Խոսելով հատկապես Երևանի կենտրոնում ու Արաբկիրում բնակվող համեստ եկամուտներ ունեցող քաղաքացիների ու հատկապես անապահով խավի` թոշակառուների խնդրին` Հրայր Կամենդատյանը կարծիք է հայտնում, թե, նրանց համար անհաղթահարելի ֆինանսական բեռ ստեղծելով, իշխանությունը նպատակ է հետապնդում Երևանի Կենտրոնի բնակարանային ֆոնդը որոշակի չափով դատարկելու։
«Ի վերջո, մենք ունենք ոչ միայն թոշակառուներ։ Ո՞վ ասաց, թե 130-140 հազար աշխատավարձ ստացող քաղաքացին ի վիճակի է նման գույքահարկ վճարելու։ 30-35 տոկոս աղքատություն ունեցող բնակչությանը նման պարտավորություն ներկայացնելն ու հետագայում դատարանով բռնագանձնան լիազորություն ունեցող մարմինների ներգրավմամբ այդ մարդկանցից բնակարանային ֆոնդն ազատելը ես դիտարկում եմ որպես զավթման, հայրենազրկության մի տեսակ»,– ասում է տնտեսագետը` կարծիք հայտնելով, թե 2020թ–ին «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունը կատարվել է հետհեղափոխական էյֆորիկ տրամադրությունների ներքո, երբ քաղաքացիները շատ չէին խորանում իշխանության եկած ուժի հատկապես տնտեսական քաղաքականության մեջ, հատկապես, որ դա ներկայացվում էր սոցիալական արդարության, ապօրինի հարստացման դեմ խոստացված պայքարի համատեքստում։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ Դրանցից 402 000-ը կվճարեն տարեկան մինչև 30 000 դրամ գույքահարկ, մնացած 30 հազարը կվճարեն բազմապատիկ աճած գույքահարկ, իսկ հին սանդղակով հարկվող մյուս բնակֆոնդի տարեկան գույքահարկը չի գերազանցի 5000 դրամը։
2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։
0Comments