Ի՞նչ ոլորտներ կտուժեն Հայաստան–Թուրքիա սահմանի բացման դեպքում. Մակարյանը` ռիսկերի մասին

Մանրամասներ
սահման

Թուրքիայի հետ սահմանը կարճաժամկետ բացելը Հայաստանի համար գլոբալ առումով ռիսկային է, ու երկրում մի քանի ճյուղ էական կտուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր ռիսկերին։

Гагик Макарян - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025

 «Գլոբալ առումով սահմանի կարճաժամկետ բացելը Հայաստանի համար ռիսկային է, իսկ երկարաժամկետի դեպքում` դրանք կարող են նվազել, քանի որ հնարավոր է` նոր հանգամանքներ ի հայտ գան։ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի` շինարարական նյութերի արտադրությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, հյուրանոցային, անշարժ գույքի բիզնեսները»,– նշեց Մակարյանը։

Ընդգծեց` Արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանք ուզում են Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնել, իսկ ՀՀ–ն այդ հարցում պետք է ճիշտ կշռադատի և չշտապի։

«Մի խնդիր էլ կա. Թուրքիան 1993 թվականին սահմանը միակողմանի փակել է Արցախի հակամարտության պատճառով, հիմա այդ հարցն օրակարգից հանված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն շարունակում փակ մնալ ու նախապայմաններ են առաջ քաշվում»,–ասաց նա։

Գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնի այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ ունենա։

Անդրադառնալով Թուրքիայի հետ արտաքին առևտրին` փորձագետը շեշտեց, որ այն չնչին է. 2023 թվականին ներմուծվել է 336 մլն դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 6.4 մլն դոլար։

Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է 30 մլն դոլարի։

«Մեր էկոնոմիկան դեռ պատրաստ չէ էական արտահանման։ Երրորդ երկրներով Հայաստանից Թուրքիա արտահանվել է որոշակի պղինձ, մոլիբդեն, տպասալիկների համար տպագրական սարքեր, մի քիչ բանջարեղեն։ Թուրքիայից Հայաստան ամենաշատը ներմուծվել են մարքող միջոցներ, քիմիական նյութեր, պլաստմասսա, տեքստիլ, հագուստ, ոսկեղեն, շինարարական նյութեր և այլն։ Մենք, սրանից ելնելով, պետք է հաշվի առնենք, որ մի քանի ուղղությամբ Թուրքիան առաջին հնգյակի մեջ է` ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, տեքստիլ, դեղագործություն և տուրիզմ»,– ասաց Մակարյանը։

Փորձագետի կարծիքով` հայ–թուրքական սահմանը բացելու մի քանի իմաստ կա` տարածաշրջանում խաղաղություն ստեղծել, Թուրքիայի գործոնն օգտագործվել` Ադրբեջանի վրա ազդելու համար, ընդառաջ գնալ Արևմուտքի հորդորներին և տարանցիկ բեռների առումով հետաքրքրություն ստեղծել։