Այսօր Հայաստանում մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 606 դիմորդ, ինչը 2000-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Քննական առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել հայոց լեզու և գրականություն առարկայից։
«Հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը»,– նշված է հաղորդագրությունում։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ մինչ քննասենյակ մտնելը դիմորդները ստուգվել են մետաղորսիչների միջոցով՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում:
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
0Comments