Ինչու ուսուցիչները չեն ստացել պարգևավճար, ԿԳՄՍՆ-ն հետ է գանձել տնտեսված միջոցները. Նախարարության պարզաբանումը

Մանրամասներ
ուսուցիչ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը:  Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ ուսուցիչները չեն ստանալու պարգեւավճար:

Պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը  պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։

Հետևաբար, որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն։ Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ սա վերաբերում է միայն դպրոցների գործադիր մարմնին՝ տնօրենին և վարչատնտեսական համակարգողին (առկայության դեպքում), իսկ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց և կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ գործող օրենսդրությանը, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն է։

Ինչ վերաբերում է շրջանառվող այլ տեղեկատվությանը, թե դպրոցներից հետ է գանձվել տնտեսված միջոցների մի մասը, պետք է նշել, որ ՀՀ կառավարության 22.09.2022թ. 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։

Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նույն կարգի 7-րդ կետի համաձայն ՀՀ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրել է ուսումնական հաստատությունների կապիտալ հրատապ անելիքները և առաջիկայում պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել տնտեսված միջոցների մյուս մասը այդ հրատապ կարիքներին ուղղելու նախագիծը։

Հարկ է նշել նաև, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակներում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։ 2024 թվականին այս ֆոնդի շրջանակներում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 25 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով»: