Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

Մանրամասներ
4

ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am  լ կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:

Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։

Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը։ Նման պրակտիկա է արձանագրվել նաև երեխաների նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում։ Նման պրակտիկան չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից ու Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի պահանջներից (Լանզարոտեի կոնվենցիա) և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ԵԽ բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ խիստ պատիժ են նախատեսում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների համար և երեխաների պաշտպանությունը չեն պայմանավորում վերջիններիս հայեցողությամբ կամ հաշտությունների իրականացմամբ:
Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին հետևելով՝ ՆԳ նախարարությունն առաջարկում է՝ սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար, բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․

ՆԳ նախարարությունն առաջարկում է մինչև դեկտեմբերի 18-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով: