«Իրավունք». ՔՊ–ում կամաց–կամաց միանում է «իրար ուտելու» մեխանիզմը
Նոյեմբերի 21, 2025

«Իրավունք». ՔՊ–ում կամաց–կամաց միանում է «իրար ուտելու» մեխանիզմը

By Նոյեմբերի 21, 2025 13

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ից տեղյակ աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն ոչ միայն նիկոլյան մերձավոր շրջանակներում, այլ նաեւ մի փոքր ավելի ցած ՔՊ-ական կանգնած շերտը, այդ թվում՝ գործող պատգամավորներից եւ նոր խորհրդարանում մանդատների հավակնողներից շատերը եւս սկսել են հասկանալ, որ չնայած «ջախջախիչ հաղթանակի», բայց Էջմիածնի ընտրությունները ոչ թե լավատեսության, այլ միայն մռայլ մտորումների տեղիք են տալիս: Կապված այն մակարդակի հաղթանակի հետ, որն ունեցան: Այն է՝ թեեւ 48,5 տոկոսը ձգեցին-հասցրին մեծամասնական մանդատի, բայց ԱԺ ընտրություններում այդ նույն տրյուկը չի անցնի: 

«Ջախջախիչ հաղթանակը» համեմատաբար մի փոքր տարածքում էր, որտեղ կարողացան, ի դեմս նաեւ տեղական թեկնածուի եւ ռեսուրսների ծավալուն կենտրոնացման, հազիվ հասնել 48,5 տոկոսի, այն էլ՝ փոքր մասնակցության պարագայում: 

ԱԺ-ում ցուցակ է, տեղական թեկնածուի գործոնը չի լինելու: Գումարվելու են մեծ քաղաքները, որոնցից Երեւանի հետ կապված շատ մեծ հույսեր չկան: Գյումրիում թեեւ Վարդան Ղուկասյանին նստեցրել են, բայց դա կարող է չար կատակ խաղալ իշխանությունների գլխին՝ ունենալով «էտ դուք մեր լեննականցուն բռնե՞ք» էֆեկտը: 

Վանաձորում էն գլխից լավ վիճակ չէր: Գյուղերում էլ «մեր գյուղապետն է խնդրել» տեսլականը չգիտես ինչպես կաշխատի: Ըստ այդմ, ոչ միայն սահմանադրական, այլ նույնիսկ պարզ մեծամասնության խնդիր կա, եւ դա, աղբյուրի ներկայացմամբ, երկու տիպի մտորումների տեղիք է տվել: 

Կան համեմատաբար հեռուն տեսնող որոշ անձինք, որոնք անգամ չեն ցանկանում խաղի մեջ մտնել. «Եթե նույնիսկ հաղթեն, ով իմանա, ինչ է լինելու, լավ է քանի դեռ պահն է, հետ քաշվեն իմաստով»,-ասում է աղբյուրը: 

«Մի մեծ մասսա էլ կա, որի ներկայացուցիչները պատրաստ են կաշվից էլ դուրս գալ, որ անցողիկ տեղում հայտնվեն: Միայն թե հասկանում են, որ այս տարբերակով, անցողիկության ցուցիչը նկատելիորեն նվազելու է՝ համեմատած անցած ընտրությունների հետ, եւ ով իմանա, թե ինչքան: Այն է, ամեն մի տեղը «ոսկու արժեք» ունի, եւ ամեն մի տեղի համար պետք է պոտենցիալ մրցակիցների «կոկորդը կրծել»: 

Ու այդպես էլ սկսել են «շեֆին» ամեն կերպ հաճոյանալուց զատ, կամաց կամաց իրար ուտել: 

Ու եթե բան չփոխվի, ներկայիս դեռ գործող խմբակցությունը գարնան շեմին կլցվի «աբիժնիկներով» եւ այլ թիմերի հետ կապի դուրս գալ ցանկացողներով: Ոմանք էլ այդ ֆոնին արդյոք չե՞ն մտածի իմպիչմենտի գաղափարին միանալու մասին»,-կարծում է աղբյուրը: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս