Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի, որը դուրս է բերվել անվտանգ վայր։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին էլ հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։