Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում
Օգոստոսի 29, 2025

Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում

By Օգոստոսի 28, 2025 23
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կարող է տարեկան ընդամենը 80–100 մլն դոլար օգուտ ստանալ, բայց սա այն դեպքում, եթե, ինչպես հայտարարում են Բաքուն ու Անկարան, 15 մլն տոննա ապրանքաշրջանառություն լինի, իսկ Հայաստանի ձեռքում լինեն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկման բոլոր լծակները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
Նա ավելացրեց, որ դա շատ ավելի քիչ է, քան պնդում են ՀՀ իշխանությունները, և այս դեպքում բազմամիլիարդանոց որևէ ներդրման մասին խոսք լինել չի կարող:
Օրեր առաջ Թուրքիայում մեծ շուքով կատարվեց Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը (Անկարան այս երկաթուղային գիծը դիտարկում է որպես «Զանգեզուրի միջանցքի» առանցքային բաղադրիչներից մեկը)։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ողջունելով երկաթգծի կառուցման մեկնարկը, հայտարարեց` Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։
Տնտեսագետը ոչ միայն չի հավատում, որ երբևիցե Հայաստանի կողմից երկաթգիծը կօգտագործվի, որի շինարարությունն արդեն իսկ սկսել է թուրքական կողմը, այլև չի կարծում, որ ՀՀ տարածքում որևէ նոր երկաթգծի կառուցման հեռանկարներ կան:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղու հեռանկարին, ապա, տնտեսագետի խոսքով, նախևառաջ պետք է դիտարկել ներմուծվող ապրանքների կառուցվածքը։ Հիմնականում տեղափոխվում է ցորեն, էներգակիրներ, մետաղական կոնստրուկցիաներ, շինանյութ։ Այսինքն, այս ապրանքները հիմնականում ծանր արդյունաբերության բաղկացուցիչ մասեր են, որոնց ինքնարժեքի մեջ տրանսպորտային ծախսերը կազմում են ընդամենը 15 տոկոս։
Երկաթուղով Ադրբեջանով փոխադրման դեպքում (Վրաստանով անցնող ճանապարհի համեմատ. խմբ.) այդ 15 տոկոսը կդառնա ընդամենը 13,5 տոկոս։ Փորձագետի գնահատմամբ՝ դրանք չնչին թվեր են, որպեսզի բիզնեսը զգա այդ լոգիստիկայի առավելությունները։
«Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթգծին, որից, ասում են, Հայաստանը կունենա օգուտներ, կամ եթե հետագայում Հայաստանի տարածքով ինչ–որ երկաթգիծ պետք է աշխատի։ Նախևառաջ ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչ ենք մենք արտադրում, ինչ ենք արտահանում, կամ ինչ արտադրանք կարող է ներմուծվել այդ ճանապարհով, որտեղից կարող են լինել մեր պրակտիկ օգուտները»,– ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով` Հայաստանն ընդհանարապես կապ չի ունենալու Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղու հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կառուցվելիք երկաթուղուն, եթե այն նույնիսկ իրականություն դառնա, Ֆարմանյանի համոզմամբ, այդ ճանապարհը, նույնիսկ անվտանգության ապահովման դեպքում Հայաստանի համար կիրառելի չի լինելու։ Հետևաբար այն ևս որպես տնտեսական հնարավորություն ներկայացնելը տնտեսագետը խաբեություն է որակում։
Ֆարմանյանի կարծիքով` նույնը վերաբերում է նաև Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհին` այսպես կոչված «Թրամփի ուղուն»։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի դրա կարգավիճակից, որն առայժմ խիստ անորոշ է, իսկ հնչած հայտարարությունները` խիստ հակասական։
«Պրակտիկ օգուտները լինում են ենթակառուցվածքներից, ճանապարհային հարկերից, տարանցման վճարներից, բնականաբար` վերահսկողության արդյունքում։ Բայց եթե այդ ամենին Հայաստանը մասնակցություն չի ունենալու, որևէ վերահսկողություն չի ունենալու, բնականաբար, օգուտների մասին խոսելն անիմաստ է»,– կարծում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է «ճանապարհների բացում», «կոմունիկացիաների ապաշրջափակում» գեղեցիկ փաթեթավորումներին, Ֆարմանյանի խոսքով, դրանց անվան տակ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնում են իրենց գլոբալ նպատակները։
«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումից Հայաստանը ոչինչ չի շահում, Ադրբեջանը դառնում է փայատեր, Թուրքիան ու Ադրբեջանն իրար հետ կապ են ունենում, իրագործում են իրենց դարավոր երազանքը` «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Ավելին` Հայաստանը, չունենալով վերահսկողություն իր տարածքով անցնող ճանապարհի նկատմամբ, հայտնվում է շատ ավելի վտանգավոր իրավիճակում`բլոկադայի ենթարկվելու լուրջ վտանգի տակ»,– եզրափակեց Ֆարմանյանը։
Տնտեսագետի խոսքով` բացի այդ, 30 տարվա ընթացքում մեր լոգիստիկ սխեմաները փոխվել են, և հայ գործարարները վաղուց տեղական ապրանքներն արտահանում են ավտոմոբիլային տրանսպորտով:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ–ի համար անընդունելի է Հարավային Կովկասում իր սահմանների երկայնքով անվտանգության ռիսկը

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության

Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

«Նոան» պատասխան խաղում հաղթեց «Օլիմպիային»՝ երկրորդ անգամ նվաճելով լիգայի փուլի ուղեգիր

Թրամփը դժգոհ է. Սպիտակ տունը Կիևում ռուսական հարվածների մասին

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու եղբայրը տեղափոխվել հիվանդանոց

Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին

Ծաղկաձորում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Արմեն Գրիգորյանն օգոստոսի 29-ին կմեկնի Իրան

Որքա՞ն օգուտ կստանա ՀՀ–ն Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության դեպքում

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից