Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները։ Նիստի ընթացքում հարցը զեկուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում լոլիկի մթերման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ։ «2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում մթերվել է 15 հազար 200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ ավելի քան 8800 տոննա լոլիկ, որը շուրջ 5000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Տոմատի մածուկի արտադրման նպատակով լոլիկը մթերվում է 40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։ Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլ նաև հայկական շուկայում։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ ընթացիկ տարում առկա է շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրեց Պապոյանը։
Նախարարը մանրամասնեց՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ հետևյալ պայմաններով.
2000 տոննան ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին սուբսիդիա չի տրամադրվում։
2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց տրամադրվում է 10 դրամի աջակցություն։ Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում