Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված «պատմական արդյունքների» կապակցությամբ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բրիտանացի պաշտոնյան նաև հայտնել է իր երկրի պատրաստակամությունն՝ աջակցելու այդ գործընթացին: Դաութին նաև ընդգծել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների կարևորությունը:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, գոհունակություն հայտնել քաղաքական կապերի ներկա վիճակից: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների էներգետիկ կապերին, ընդգծվել է Ադրբեջանի և British Petroleum-ի միջև հաջող համագործակցությունը: Կողմերը հույս են հայտնել, որ British Petroleum-ի հետ փոխշահավետ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկա տասնամյակներում: