Գերմանիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին հաղորդում է DW լրատվական գործակալությունը։
Ժամանելուն պես պատասխանելով լրագրողների հարցին՝ Քլինգբայլը հայտարարել է, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել Գերմանիային։
«Պուտինը չպետք է պատրանքներ ունենա, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային կարող է թուլանալ։ Ընդհակառակը։ Մենք մնում ենք Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցն աշխարհում և ամենամեծը Եվրոպայում։ Ուկրաինան կարող է շարունակել հույսը դնել Գերմանիայի վրա», – ասել է Քլինգբեյլը։
Նա նշել է, որ ուկրաինացիներից շատ ոչ ոք չի տենչում խաղաղության, սակայն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները «չեն կարող իրականացվել ուկրաինացի ժողովրդի հաշվին»։
«Հրադադարն անհրաժեշտ է։ Ուկրաինայում երկարատև խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են նաև հուսալի անվտանգության երաշխիքներ։ Մենք այս հարցում սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները միջազգային մակարդակով։ Գերմանիան կկատարի իր պարտավորությունները», – վստահեցրել է Քլինգբեյլը՝ նշելով, որ «Ռուսաստանը վերջապես պետք է լուրջ հետաքրքրություն ցուցաբերի արդար խաղաղության նկատմամբ»։ Գերմանիայի փոխվարչապետը հայտարարել է նաև, որ իրենք քննարկում են Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, սակայն այդ նպատակին հասնելու համար Կիևը պետք է հետևողականորեն անցնի բարեփոխումների ճանապարհով։
Գերմանիայի փոխվարչապետը Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։