Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը, որը կառավարելու է ԱՄՆ-ը, կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղու մի մասը, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա օգտագործումը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյաների։
Ամերիկյան լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ միջանցքը կառավարելու բացառիկ իրավունքը թույլ կտա Միացյալ Նահանգներին որոշել, թե ինչպես այն կօգտագործվի, հետևաբար՝ Վաշինգտոնի դիրքորոշումից է կախված, թե արդյոք խոշոր արտահանողները, այդ թվում՝ Չինաստանը, կկարողանան օգտվել առևտրային ուղուց։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է: Փաստաթղթով ամրագրվում է, որ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։