Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Լիբանանի կառավարության վերջերս ընդունած որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ, նշանակալի զարգացում է։ Այս կարևոր զարգացման լույսի ներքո Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ և կայուն ապագայի հասնելու համար: Եթե Լիբանանի զինված ուժերը ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար, Իսրայելը կձեռնարկի պատասխան միջոցներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատում Լիբանանում», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «բարձր է գնահատում Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկված նշանակալի քայլը»։ «Այս որոշումը (Հեզբոլլահի զինաթափման վերաբերյալ) հնարավորություն է ընձեռում Լիբանանին վերականգնել իր ինքնիշխանությունը, վերականգնել պետական ինստիտուտները, բանակը և կառավարման համակարգը», - շարունակել է գերատեսչությունը։
«Հիմա ժամանակն է, որ Իսրայելն ու Լիբանանը առաջ շարժվեն համագործակցության ոգով՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկու երկրներում կայունության ու բարգավաճման խթանման ընդհանուր նպատակի վրա», - եզրափակել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։