Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ. նման կարծիք են հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Այս մասին գրում է dw.com-ը:
«Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությունն անհրաժեշտ պայման է հուսալի անդրատլանտյան անվտանգության համար», - ասվում է հայտարարությունում։ Ինչպես ընդգծել են եվրոպացի դիվանագետները, նրանք անհամբեր սպասում են «ամերիկյան դաշնակիցների հետ» հետագա գործողությունների վերաբերյալ բանակցություններին: Միևնույն ժամանակ, ընդհանուր նպատակը պետք է լինի «Ուկրաինային ուժեղի դիրք տեղափոխելը», նշել են հայտարարության հեղինակները։
Եվրոպական երկրները, որոնց արտգործնախարարները ստորագրել են հայտարարությունը, նաև պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և անհրաժեշտ են համարում այդ երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրել։
«Մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը Ուկրաինային, մենք պաշտպանում ենք նրա անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ի դեմս Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի», - ընդգծել են նրանք։
«Մենք կիսում ենք Ուկրաինային աջակցելու նպատակը՝ մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը», - ասվում է փաստաթղթում։ Դա ենթադրում է խաղաղության պայմանագիր, որը երաշխավորում է Ուկրաինայի և եվրոպական երկրների շահերը, պարզաբանում է dpa գործակալությունը։
Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։
«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության հարցում։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:
Թախտ Ռավանչիին հինգշաբթի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
Հակոբյանը, շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի քառասունվեցամյակի առթիվ, նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա հարաբերությունների խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Bild-ի տվյալներով՝ տուժել է առնվազն 15 մարդ։
Իսկ Bayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության գործադուլի մասնակիցների խմբի մեջ։ Ականատեսներից մեկն ասել է, որ մեքենան միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ։
Իրավապահները հայտնել են, որ վարորդը՝ 26-ամյա աֆղանստանցի ներգաղթյալը, ձերբակալվել է, նրա քայլի դրդապատճառներն անհայտ են։
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցից հետո իրենց օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման հետ կապված աշխատանքները։ Այս մասին «ՄԻՐ»-ի փոխանցմամբ հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Միանշանակ, բավական արագ նման հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն կա։ Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն. Օրակարգում բազմաթիվ թեմաներ կան, որոնք հակիրճ ուրվագծվել են երեկ հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, հանդիպման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ աշխատանքները նոր են սկսվում։ Դմիտրի Պեսկովը նաև չի հստակեցրել, թե որտեղ կարող են հանդիպել երկու երկրների ղեկավարները։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտնել էր, որ ծրագրում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում։ Այս մասին հաղորդում է Sportico-ն։
2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը՝
1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — 260 միլիոն դոլար,
2. Սթիվեն Կարի (բասկետբոլ) — 153,8 մլն դոլար,
3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ) — 147 մլն դոլար,
4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) — 135 միլիոն դոլար,
5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — 133,2 մլն դոլար,
6. Նեյմար (ֆուտբոլ) — 133 մլն դոլար,
7. Ալեքսանդր Ուսիկ (բռնցքամարտ) — 122 միլիոն դոլար,
8. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ) — 116 մլն դոլար,
9. Կիլիան Մբապե (ֆուտբոլ) — 110 միլիոն դոլար,
10. Ջոն Ռահմ (գոլֆ) — 105,8 մլն դոլար:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է, գրում է Reuters-ը:
«Մենք էլ ձեզ նման ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա: Բայց պետք է սկսենք ընդունել, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է: Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանք կբերի», - ասել է նա:
Հեգսեթն այս մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Ուկրաինայի ռազմական դաշնակիցների հանդիպման ժամանակ: Ուկրաինայի վերաբերյալ նրա խոսքերը կտրուկ տարբերվում են Ջո Բայդենի վարչակազմի և Ուկրաինայի շատ մերձավոր դաշնակիցների դիրքորոշումից առ այն, որ նրանք կաջակցեն Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ միևնույն ժամանակ ընդգծելով տարածքային ամբողջականության կարևորությունը:
Հեգսեթի մեկնաբանությունները ենթադրում են, որ Կիևը պետք է հրաժարվի իր հիմնական պատերազմական նպատակներից՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձից և ապագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով ՆԱՏՕ-ին անդամակցելուց:
«ԱՄՆ-ն չի հավատում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է լինել բանակցային գործընթացի միջոցով կարգավորման իրատեսական արդյունք: Փոխարենը ցանկացած անվտանգության երաշխիքի հետևում պետք է կանգնած լինեն եվրոպական և ոչ եվրոպական ունակ զորքերը», - ընդգծել է նա:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ցանկացած կայուն խաղաղություն պետք է ներառի «անվտանգության ամուր երաշխիքներ՝ ապահովելու, որ պատերազմը նորից չի սկսվի»: Բայց Հեգսեթը նշել է, որ ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում՝ որպես այդպիսի երաշխիքների մաս. փոխարենը, անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «ունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»։
«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելության մաս և դրանց վրա չպետք է տարածվի 5-րդ հոդվածը», - ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կանոնադրության փոխադարձ պաշտպանության դրույթը։
Reuters-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը 2014-ի մարտին Ուկրաինայի Ղրիմ սևծովյան թերակղզին ներառել է իր կազմում, այնուհետև Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աջակցել է ռուսամետ անջատողականներին Ուկրաինայի դեմ զինված ապստամբության ժամանակ: Ներկայումս Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը, հիմնականում՝ արևելքում և հարավում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Եվրոպական վեց երկիր՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բրիտանիա, ինչպես նաև Եվրահանձնաժողովը տարածել են հայտարարություն, որ իրենք պետք է ևս մասնակից լինեն Ուկրաինայի պատերազմի դադարեցման բանակցությանը: Մի կողմ թողնենք ձևակերպումը, թե պետք է նպատակը լինի Ուկրաինային ուժեղ դիրք ապահովելը:
Ուկրաինայի դիրքը իհարկե չի հուզում որևէ մեկին: Ավելին, ուժեղ Ուկրաինան խնդիր է դիտվել թերևս առաջին հերթին հենց Եվրոպայում, պարզապես այն ավիրվել է Ռուսաստանի ձեռքով: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ուկրաինայի դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան թերևս Ռուսաստանից ոչ պակաս, իսկ գուցե ավելի պետք է եղել հենց հարևան Լեհաստանին, եվրոպական մյուս երկրներին: Պատկերացրեք, Եվրոպայում ո՞վ էր ուզելու հաջողակ, արդիական, զարգացող, ուժեղ, ինքնիշխան Ուկրաինա, երբ Ուկրաինան իր տարածքով ու բնական ռեսուրսներով ամենամեծ երկիրն է Եվրոպայում՝ միլիոն բնակչությամբ:
Եվրոպական երկրներին ու Եվրահանձնաժողովին անշուշտ հետաքրքրում է սեփական ճակատագիրը, որպեսզի այն չկանխորոշեն Ռուսաստանն ու ԱՄՆ, և որոշակիորեն էլ Չինաստանը:
Կհաջողվի՞ Տրամպին պարտադրել սեփական ներկայություն: Այստեղ իհարկե հարցն այն է, որ չնայած վեց երկրների համատեղ հայտարարությանը, նրանք այդուհանդերձ ունեն նաև հենց իրենց շահերի տարբերությունը: Ըստ այդմ հարց կառաջանա, թե որքանո՞վ ավելի ուժեղ կլինի «դուրս չմնալու» ընդհանուր շահը՝ միմյանց հետ շահերի տարբերությունից:
Կա իհարկե Եվրամիության օրինակը, երբ ավելի մեշ թվով երկրներ են մեկ ընդհանուր շահով ներառվել, ունենալով իրենց առանձին շահերը: Բայց, նաև հարկ է նկատել, որ խոշոր հաշվով հենց տարբերությունների հանգամանքը խորացրել է Եվրամիության ներսում հարաբերությունների որոշակի ճգնաժամ, որը դրսեւորվել է տարբեր առիթներով ու տարբեր կերպ: Իհարկե, եվրոպական հարաբերությունների մշակույթը նպաստել է, որ ճգնաժամը ունենա շատ ցիվիլ դրսեւորում, բայց միևնույն է, այն կա:
Եվ այստեղ թերևս արժե դիտարկել մյուս հարցը՝ կարո՞ղ է ուկրաինական պատերազմի դադարեցման այս գործընթացի հարցում եվրոպական վեց երկրի ընդհանուր որոշակի շահ դառնա եվրոպական ռազմա-քաղաքական նոր ձևաչափի կազմավորման հիմք: Ի դեպ, ուշադրություն դարձնենք, որ ԵՄ անդամ հինգ երկրին ու Եվրահանձնաժողովին այս հարցում միանում է նաև Բրիտանիան, որը դուրս է ԵՄ-ից արդեն տարիներ շարունակ:
Ի վերջո, Եվրամիության հիմքը եղել է երկու պետությունների գործակցություն՝ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես ասում են՝ «ածխային համաձայնությունը» նրանց միջեւ: Կարո՞ղ է ներկայումս վեց երկրի ընդհանուր մտահոգությունը դառնալ եվրոպական տրանսֆորմացիայի նոր մեկնարկ եւ կազմավորել նոր եվրոպական ռազմա-քաղաքական բլոկ:
Բայց, կտեղավորվե՞ն այդ մեկ բլոկում Բրիտանիան ու Գերմանիան:
Չէ՞ որ, դարձյալ հիշեցնեմ, ուկրաինական պատերազմը սկսել է առաջինը Գերմանիայի ստացած հարվածից, որը իհարկե ավելի շատ բարոյա-քաղաքական էր, սակայն խիստ շառաչուն, եւ այդտեղ եվրաատլանտյան խարտիայի ամերիկա-բրիտանական ձեռքը շատ նկատելի էր»:
Ադրբեջանում ռուսական Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության և BBC News Azərbaycanca-ի աշխատանքը որոշակի ճշգրտումների կենթարկվի, հինգշաբթի Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Ըստ զրուցակցի՝ Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը Բաքվում կհավասարվի Ռուսաստանում «Ազեռթաջ» պետական գործակալության լրագրողների թվին, այսինքն՝ կկրճատվի մինչև 1 թղթակից:
Որոշման նպատակն է արտերկրում ադրբեջանական պետական խմբագրությունների, իսկ Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների գործունեության պայմաններում հավասարակշռության վերականգնումը։ Նույն հավասարազոր մոտեցումը կկիրառվի BBC Azərbaycanca-ի նկատմամբ, հավելել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում իր գործունեությունն էր դադարեցրել «Ռուսական տունը»։
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ, հայտնում են ՆԳՆ-ից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Չեմ կարող բնորոշել, թե բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, տեսաք որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ուենցավ և պայմանավորվածություն տեղի ունեցավ ու ոնց որ թե նոր նիստ պետք է տեղի ունենա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ինչ վերաբերվում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին, ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն բավական երկար ժամանակ է սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին մեր կողմից ներակայցված առաջարկներին:
«Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք, որ հնարավոր լինի գործընթացը շարունակել: Հայաստանը ինչպես նախկինում շարունակում է կառուցողական տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում»,- ասաց Կոստանյանը
Դիտարկմանը, թե Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցում չենք տեսնում, վերջին շրջանի հայտարարություններով Ալիևը լրիվ հակառակի մասին է խոսում, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված սպառնալիքներ են հնչում, Կոստանյանը նշեց. «Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը, ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել ցանկացած գործընթացում»:
Հարցին էլ՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել միջանցքը, ի՞նչ է անելու ՀՀ-ն, Կոստանյանն ասաց. «Հայաստանը, իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»: