«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները` պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել:
Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել` ՆԳ, արդարադատության նախարարների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։
«Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։
Անհետ կորածների եւ նրանց հարազատների իրավունքների խնդիրները ծագել են դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. կար 437 անհետ կորած, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: 2020-ից հետո կա 187 զինծառայող, 21 քաղաքացիական անձ։ Որոշվել է, որ օրենքը պետք է վերաբերի բոլոր ժամանակներին»:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Փաշինյանն ինքն իրեն անկյուն է մտցրել։
Մեկ ասում է՝ թող նախկին ղեկավարները գան բանավեճի։
Մեկ հրաժարվում է Աշոտյանի ու Օսկանյանի հետ բանավեճից։
Մեկ ասում է՝ բանավիճելու բան չունեմ։
ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։
Ավելին՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջխրկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդվածով անդրադարձավ այս թեմային ու հորդորեց Փաշինյանին հրապարակել ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված բոլոր պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
ՀՀ առաջին նախագահի անունից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մի քանի անգամ պահանջեց հրապարակել բոլոր փաստաթղթերը։
Նման առաջարկ արվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
Նիկոլը դա չարեց։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Թող հրապարակի, որ հասարակությունը համոզվի ,թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։
Սա է մեր պահանջը, Նիկոլ։
Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։
Մնացածը զավզակություն է»։
Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հիշեցրեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր: «2018-ին ելաք ու սկսեցիք զրոյական կետից, բանակցությունները ձախողեցիք, հետո գնացիք Էրդողանի մոտ, Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում: Ճանապարհը փակվեց, ինչից հետո արցախցիները 9 ամիս ենթարկվեցին դաժան բլոկադայի: Գիտեմ, որ ամեն ինչում մեղադրել եք արդեն բոլորին` սկսած Լևոն Տեր Պետրոսյանից, հասնելով հասարակ ժողովրդին:
Երեկ ձեր թիմի անդամը մեղադրեց արցախցիներին, որոնցից ամեն մեկի ընտանիքում կամ կա զոհ, կամ վիրավոր: Հիմա այս ճղճիմ խոսույթին միանո՞ւմ եք, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ասածների համար:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Դեռ պետք ա պարզենք` խոսակցություններից որոնք են ճղճղիմ, որոնք` ոչ ճղճիմ:
Գիտեք` դուք այս և տարբեր ամիբիոններում առանց կաշկանդվելու և առանց սահմանափակման արտահայտում եք ձեր կարծիքը, կարծում եմ, որ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, մանավանդ, որ եթե ձեր հարցի ձևակերպմանը վերադառնանք, ձեր հարցի մեջ էնքան փաստական սխալներ կան, որ հիմա եթե դրանց անդրադառնամ, կարող ա պարզվի` ներողություն խնդրելու կարիք դուք ունենաք: Բայց հիմա ձեզնից նման բան չեմ խնդրում, որովհետև անիմաստ է ձեզնից նման բան խնդրելը»:
Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։
«Մենք շատ ռիսկեր ունենք, բայց սա որևէ ռիսկ ավելի ռիսկային չի դարձնում, այլ շատ ռիսկեր դարձնում է ավելի կառավարելի, քան նախկինում․․․ Երկագունդն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել, բայց մյուս կողմից` քայլ-քայլ պետք է կարողանանք բալանսների մեջ ապահովել նաև կայունություն»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե արդյոք օրինագիծն ունի՞ ռիսկեր Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վատացնելու համատեքստում։
Փաշինյանի կարծիքով՝ երբ այս օրենքն ամբողջապես ուժի մեջ մտած լինի, ժողովրդին առաջարկած կլինեն «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» ։ Վարչապետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է հասարակության մոտ ճիշտ սպասումներ ձևավորել։
«Մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորվենք, որ մարդիկ չմտածեն, թե վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Սա կարևոր քայլ է, որ ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենաք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա վստահ է, որ օրենքը կարևոր բաղադրիչ է նաև անվտանգային առումով։
Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։
Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։
2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ Ազգային ժողովն այսօր` փետվարի 12–ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միայն այն այսբերգի գագաթն է, որի տակ թաքնվում են Սպիտակ սաղավարտները և այլ կեղծ մարդասիրական հասարակական կազմակերպությունները: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աստանայում պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է Sputnik Ղազախստանը։
«Այնտեղ առկա են ծիածանի բոլոր գույները՝ և՛ ԼԳԲՏ իմաստով, և՛ գունավոր հեղափոխությունների իմաստով։ Եվ մենք, հասկանալով դա, դեռ 2012 թվականին արգելեցինք այդ կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում»,- ասել է նա։
Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ «շատ երկրներ շատ ուշ են հասկանում այս կազմակերպության էությունը, երբ արդեն անդառնալի իրադարձություններ են ապրել», որոնք զգալի վնաս են հասցրել։
«Ես կցանկանայի հավատալ, որ սա Միացյալ Նահանգներում մեծ հեղափոխության սկիզբն է, հեղափոխություն՝ վերանայելու այն ամենը, ինչ, չեմ վախենում ասել, կուտակվել է այս ընթացքում», - հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Խորհուրդը հայտնում է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:
Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.
Ճանաչել 2020-2023թթ.ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը:
Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:
Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։
CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:
«1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ:
Հիշեցնենք, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը,2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՄՔԴ-ին անդամակցությունը Երևանին թույլ կտա դատարանում հարցեր բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ 2021-2022 թվականներին նրա տարածք ներխուժման վերաբերյալ։
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հնարավոր է համարում միջազգային հայցերի փոխադարձ հետկանչը:
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կոպտորեն միջամտել է երկրի քաղաքական գործընթացներին և ծրագրել ու իրականացրել հեղափոխական սցենարներ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է ևս մեկ անգամ մեր գոհունակությունը հայտնենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը խոսում է այն մասին, ինչի մասին մենք խոսում ենք 3-4 տարի: Իհարկե, USAID-ն նաև կոպտորեն միջամտել է Վրաստանում երկրի քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին, առավել ևս` հեղափոխական գործընթացների պլանավորմանն ու իրականացմանը… Այդ ամենը բացարձակապես անընդունելի է»,–լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք` ամերիկյան վարչակազմի որոշմամբ Վաշինգտոնում փակվել է USAID–ի կենտրոնակայանը, շենքից հանվել է ցուցանակը: Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ գործակալությունն ամբողջ աշխարհի իր վարձու անձնակազմին ուղարկում է հարկադիր պարապուրդի։
Այժմ USAID–ի տնօրենի պարտականությունները Սամանտա Փաուերի փոխարեն կատարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ գործակալությունը պատշաճ կերպով չի համագործակցել Պետքարտուղարության նոր ղեկավարության հետ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, խոսելով USAID–ի ծախսերի մասին, գործակալության կողմից գումարների բաշխման համակարգն անվանել էր «վատնում և չարաշահում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետների երկարաձգման վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է գործընթացը դարձնել շարունակական՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը տրամադրվելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը
«կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ) և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»,
հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է,
անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը,
հետվճարի ցուցակը ձևավորելիս վճարման ցուցակ չի ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած կենսաթոշակառուի, բնակչության պետական ռեգիստրով չնույնականացված անձի, անկանխիկ գնումների և վճարումների գործարքներ կատարելու ամսին կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի տվյալները,
բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը պետական բյուջեից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, ծառայությանը տրամադրում է սահմանված ձևի (կարգի N 4 Ձև) տվյալներ,
բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում բանկը տեղեկացնում է ծառայությանը՝ տրամադրելով սահմանված ձևի (կարգի N 5 Ձև) տվյալներ։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման N N 2, 3 Ձևերում կատարել խմբագրական որոշ փոփոխություններ, որով հստակեցվում են փոխանակվող տվյալները:
«Ո՞վ է պատասխան տալու իմ շան մահվան համար»,-ինսթագրամյան էջում հրապարակված տեսանյութում ասում է գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
Նա պատմել է, որ իր շան մահվան պատճառը բժիշկներն են, ովքեր չեն զգուշացրել, որ կենդանուն մեծ տարիքում չի կարելի ստերջացնել։
«Շանը կորցրեցինք ստերջացումից հետո, ո՞վ է մեղավոր, եթե ոչ բժիշկը»,- ասում է Ռոտենբերգը։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքային ավտոբուսների ցանցից մինչև թանկացումը օրական օգտվում էր 500-550 հազար ուղևորահոսք։ Դա բազմիցս հայտարարել է ՔՊ-ի կառավարող թիմը, ավելի հստակ՝ Երևանի փոխքաղաքապետ ոմն Սուրեն Գրիգորյան։
Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2025թ․ փետրվարի առաջին տասնօրյակում՝ ուղեվարձի թանկացումից հետո, Երևանում օրական հավաքվում է միջինը 206 հազար մարդու ուղեվարձ, ինչը 2,5 անգամ պակաս է նախկինում եղած թվերից։
Դա, իհարկե, չի նշանակում, որ հիմա օրական 206 հազար անգամ են օգտվել տրանսպորտից։ Դա նշանակում է, որ 206 հազար անգամ են վճարում ուղեվարձը, իսկ մոտ 344 հազար անգամ բոյկոտել ու չեն վճարում թանկացած ուղեվարձը։
Սրանք հասարակ հաշվարկներ են՝ հիմնված չոր փաստերի վրա։
Երևանի տրանսպորտը չի կարող թանկանալ, ուստի կառավարությունը ստիպված գնալու է զիջումների։ Տեսնենք, թե Նիկոլն ինչպես է զոհաբերելու Տիգրան Ավինյանին»: