Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները փոխում են Կիեւին աջակցելու իրենց մոտեցումը՝ այն համապատասխանեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որ մտադիր է բանակցել Մոսկվայի հետ։ Այս գնահատականը տրվել է երեքշաբթի Politico թերթում հրապարակված հոդվածում։
«Ուկրաինայի վերաբերյալ ռազմավարությունը դանդաղ փոխվում է Եվրոպայում՝ Միացյալ Նահանգների հայտարարությունների տոնայնության փոփոխությանը համահունչ՝ շարունակական աջակցության խոստումներից մինչեւ Կիեւին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փորձեր, ապահովելով նրա համար շահեկան դիրք»,- նշվել է հրապարակման մեջ։
Դրանում փաստվել է, որ եվրոպական երկրների ղեկավարները, կապված Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունների հետ, դրսեւորում են «խաղաղության բանակցություններում առաջատար դեր խաղալու» ցանկություն։
Պարբերականի կարծիքով՝ «այս նոր ռազմավարությունն առավել հստակ կդրսեւորվի այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում», որը կանցկացվի փետրվարի 14-16-ին։ Պարբերականի տվյալներով՝ այս անգամ միջոցառումը կանցկացվի այլ կերպ, քան ԱՄՆ նախկին առաջնորդ, դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ։ Այդ ժամանակ համաժողովում ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատրաստակամություն էին հայտնել աջակցել Կիեւին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ համաժողովից առաջ Ուկրաինայի եւ ԱՄՆ ներկայացուցիչները «քննարկել են անվտանգության երկարաժամկետ երաշխիքները»։ «Դա վերաբերում էր զենքին եւ հետախուզական ակտիվներին, ինչպիսին են արբանյակները, որոնք եվրոպացիները չեն կարող տրամադրել»,- նշվել է հրապարակման մեջ:
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի անսասան դիրքորոշումը Գազայից և Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիների տեղահանման դեմ:
Այս մասին հայտնում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
Թագավորը շեշտել է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքներն իր ազգային հողում և կերաշխավորի բոլորի անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև վերահաստատել է Գազայի հատվածում հրադադարի ամրապնդման, մարդասիրական արձագանքի ակտիվացման և Գազայի վերականգնման անհրաժեշտությունը։
Աբդալլահ Երկրորդը լրագրողներին հայտնել է, որ Գազայի հատվածում քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մոտ 2000 երեխա կտեղափոխվի Հորդանան բուժում ստանալու նպատակով։Հորդանանի թագավորը բարձր է գնահատել նախագահ Թրամփի առանցքային դերը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերման գործում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումները։
Թագավորն ընդգծել է իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Աբդալլահ Երկրորդը շեշտել է Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի դերի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հասնելու ջանքերին աջակցելու գործում՝ հայտնելով այդ հարցում օգնելու իր պատրաստակամությունը։
Իր հերթին նախագահ Թրամփն ընդգծել է Հորդանանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրությունը՝ շնորհակալություն հայտնելով Աբդալլահ Երկրորդին տարածաշրջանում խաղաղության հաստատման համար թագավորության գործադրած ջանքերի համար։
Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի հանձնած Մեղրին, դուք ինձ տարեք ձեր պահած Արցախ. Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը ազատ արձակված ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ միասին հեռացել է Ռուսաստանից։ Այս մասին նշվել է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը։ Նրա խոսքով՝ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, սակայն չի նշվել, թե կոնկրետ ում հետ են նրան փոխանակել։
Ամերիկյան իշխանություններն այս քայլը դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից «բարի կամքի» դրսեւորում, ինչպես նաեւ դրական ազդանշան ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Ֆոգելի հնարավոր ազատ արձակման մասին քննարկումներն անցկացվել են նախագահական մակարդակով. բանակցություններին մասնակցել են Թրամփը, ինչպես նաեւ նրա մերձավոր խորհրդականները։
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավարության ընթացքում շարունակվել է մեղադրական ակտի եզրափակիչ մասի ընթերցումը:
ԼՂ ռազմաքաղաքական 15 գործիչների մասով, այսպես կոչված, դատաքննությունը կշարունակվի փետրվարի 14–ին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Հունվարի 28–ին Բաքվի դատարանը մերժել է նաև Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։
Apple ընկերությունը պատրաստվում է MacBook Pro շարքի խոշոր թարմացմանը. The Elec-ի և news.am-ի տվյալներով՝ 2026 թվականին կթողարկվի OLED էկրանով և նոր դիզայնով մոդել: Apple-ի ինժեներներն արդեն աշխատում են նոտբուքն ավելի բարակ և ժամանակակից դարձնելու ուղղությամբ:
Ի՞նչ կփոխվի 2026 թվականի MacBook Pro-ում
Հիմնական նորամուծությունը հիբրիդային OLED վահանակն է, որը կապահովի բարելավված պայծառություն, կոնտրաստ և էներգաարդյունավետություն՝ համեմատած ներկայիս mini-LED էկրանների հետ: Նմանատիպ տեխնոլոգիան արդեն օգտագործվում է վերջին iPad Pro-ներում:
MacBook Pro-ի OLED էկրանների փորձնական նմուշների արտադրությամբ զբաղվում է Samsung Display-ը՝ 2024 թվականի նոյեմբերին գործարկված նորագույն 8-րդ գծի վրա: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ը կկարողանա տարեկան պատվիրել 3-ից 5 միլիոն OLED վահանակ, ինչը կկազմի Samsung-ի ընդհանուր արտադրական հզորության միայն կեսը (համարժեք է 10 միլիոն 14,3 դյույմանոց էկրանների):
Նախագծում արդեն ներդրվել է մոտ 3 միլիարդ դոլար, և Samsung Display-ը դիտարկում է լրացուցիչ հաճախորդներ ներգրավելու հնարավորությունը: Զուգահեռաբար, չինական BOE ընկերությունը մշակում է սեփական հիբրիդային OLED էկրաններ, սակայն դրանց արտադրությունն ավելի ունիվերսալ կլինի և կկարողանա թողարկել ինչպես հիբրիդային, այնպես էլ ճկուն էկրաններ:
Հայտնի վերլուծաբաններ Մինգ-Չի Կուոն և Ռոսս Յանգը պնդում են, որ 2025 թվականին Apple-ը կշարունակի օգտագործել mini-LED տեխնոլոգիան 14 և 16 դյույմանոց MacBook Pro-ներում: Մարկ Գուրմանը (Bloomberg) նույնպես էական փոփոխություններ չի ակնկալում. նրա տվյալներով՝ 2025 թվականին Apple-ը կներկայացնի թարմացված MacBook Pro-ներ M5, M5 Pro և M5 Max չիպերով, բայց առանց կտրուկ վերանախագծման:
Այսպիսով, նոր OLED MacBook Pro-ն կդառնա շարքի ամենախոշոր մոդեռնիզացիան վերջին տարիներին, սակայն այն սպասելու է մինչև 2026 թվականը:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:
Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:
Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:
Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:
Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի արանքում նոր 12 հարկանի շենքի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն չի անցկացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, հետևաբար հարակից շենքերի բնակիչները չեն մասնակցել գնահատումների կամ փորձաքննության գործընթացին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ 50-60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12 հարկանի նոր շենքի կառուցումը զայրույթի ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները նշել էին, որ Երևանի քաղաքապետարանը առանց հանրային լսում անցկացնելու, ապօրինի շինթույլտվություն է տվել մի ընկերության, որի սեփականատերը քավոր–սանիկական հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Բնակիչները դիմել են վարչական դատարան իրենց իրավունքները վերականգնելու համար։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նաիրի Զարյան փողոցի 11-13 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 18–ին նախագծման թույլտվություն է տրվել կառուցապատող «Ադամիում» ընկերությանը: Մշակված նախագիծը անցել է պետական համալիր փորձաքննություն, ստացել «Արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացություններ:
Հիմք ընդունելով վերը նշված փորձաքննական եզրակացությունները՝ 2024 թվականի նոյեմբերի 14–ին Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցվել է աշխատանքային նախագիծը և տրամադրվել շինարարության թույլտվությունը (3 տարի ժամկետով), որն ուժի մեջ է մինչև 14.11.2027թ.:
«Հաշվի առնելով՝ 2014 թվականի հունիսի 21-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» որոշման III-րդ գլխի 12-րդ հոդվածը` որ քաղաքաշինության բնագավառում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա են 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով քաղաքաշինական կառույցները, Երևանի քաղաքապետարան համաձայնեցման է ներկայացվել բազմաբնակարան բնակելի նախագիծը, որի կառուցապատման մակերեսը չի գերազանցել 1500 քմ սահմանաչափը, հետևաբար ՇՄԱԳ փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել»,–ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Նշենք, որ շենքերի բնակիչները Sputnik Արմենիային հայտնել էին, որ միասնական համաձայնությամբ, իրենց ուժերով 6 ավտոտնակ են քանդել, որպեսզի խաղահրապարակի, ֆուտբոլի դաշտի, ծառերի համար տարածք ունենան։
Բնակիչները երբևէ հնարավորություն չեն ունեցել խոսել կառուցապատողի հետ, հասկանալ` պաշտոնապես ինչ է այդտեղ կառուցվելու։ Կառուցապատող կողմից եկել է մի ներկայացուցիչ, որը հայտարարել է, որ միևնույն է` իրենք շինարարություն իրականացնելու են, և եթե բնակիչներին դուր չի գալիս, կարող են իրենց տները վաճառել ու գնալ որևէ գյուղում ապրել։
Հավելենք, որ նորակառույցի շինարարական աշխատանքներին իրենց ստորագրությամբ դեմ են արտահայտվել 4 շենքերի 200 բնակիչներ։
Նրանց հիմնական մտավախությունն այն է, որ առանց ՇՄԱԳ փորձաքննության կառուցվող բազմահարկի պատճառով իրենց շենքերն ու հարակից սեփական տները ուղղակի կդառնան վթարային։ Բնակիչներն իրենց խնդրը դեռ 2023 թվականին` Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ, ներկայացրել են ներկայիս քաղաքապետին։ Ավինյանը խոսք էր տվել բնակիչներին, որ կձևավորվի հատուկ մասնագիտական, ճարտարապետական թիմ, որը կուսումնասիրի խնդիրը։
Փաշինյանն աշխատավայր է գնացել հասարակական տրանսպորտով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Ավտոբուսով եկա աշխատանքի»,- գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Հայաստանից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք, կազմակերպիչները կալանավորվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևանում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ` 3300 եվրո գումարի դիմաց, կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ-ն և Ե.Խ-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի (անօրինական միգրացիայի կազմակերպում) 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակներում Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Բացի այդ, կալանավորվածների բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն: