«Ո՞վ է պատասխան տալու իմ շան մահվան համար»,-ինսթագրամյան էջում հրապարակված տեսանյութում ասում է գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
Նա պատմել է, որ իր շան մահվան պատճառը բժիշկներն են, ովքեր չեն զգուշացրել, որ կենդանուն մեծ տարիքում չի կարելի ստերջացնել։
«Շանը կորցրեցինք ստերջացումից հետո, ո՞վ է մեղավոր, եթե ոչ բժիշկը»,- ասում է Ռոտենբերգը։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքային ավտոբուսների ցանցից մինչև թանկացումը օրական օգտվում էր 500-550 հազար ուղևորահոսք։ Դա բազմիցս հայտարարել է ՔՊ-ի կառավարող թիմը, ավելի հստակ՝ Երևանի փոխքաղաքապետ ոմն Սուրեն Գրիգորյան։
Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2025թ․ փետրվարի առաջին տասնօրյակում՝ ուղեվարձի թանկացումից հետո, Երևանում օրական հավաքվում է միջինը 206 հազար մարդու ուղեվարձ, ինչը 2,5 անգամ պակաս է նախկինում եղած թվերից։
Դա, իհարկե, չի նշանակում, որ հիմա օրական 206 հազար անգամ են օգտվել տրանսպորտից։ Դա նշանակում է, որ 206 հազար անգամ են վճարում ուղեվարձը, իսկ մոտ 344 հազար անգամ բոյկոտել ու չեն վճարում թանկացած ուղեվարձը։
Սրանք հասարակ հաշվարկներ են՝ հիմնված չոր փաստերի վրա։
Երևանի տրանսպորտը չի կարող թանկանալ, ուստի կառավարությունը ստիպված գնալու է զիջումների։ Տեսնենք, թե Նիկոլն ինչպես է զոհաբերելու Տիգրան Ավինյանին»:
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանական ընդդիմության կարմիր գիծը։
Խորհրդարանական ընդդիմությունը շատ է սիրում մեղադրել քպ-ականներին ու նրանց առաջնորդին անիրատեսական քայլերի, պոպուլիզմի, ստախոսության, կոռուպցիա հովանավորելու, արկածախնդրության, Արցախը Պրագայում վաճառելու և նույնիսկ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:
Ըստ այդմ, խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի առաջարկել խորհրդարանական լսումներ կամ հետաքննություն իրականացնել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու և վերլուծելու շուրջ, հասկանալու համար, թե այդ ի՞նչ ուժեր էին ստիպել, որ նույն ընդդիմության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ ընտրեին Նիկոլ Փաշինյանին:
Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» ծագումնաբանությունը բացահայտելու ու հանրայնացնելու կարմիր գիծն է դա: Այդ կարմիր գիծը ոչ թե անջատում ու զատում, այլ ընդհակառակը, միավորում է նիկոլականներին ու նրանց իբր քաղաքական հակառակորդներին:
Ի դեպ, շտապեմ ասել, որ դա շատ հեշտ է անել, այնքան հեշտ, որ 20 րոպեանոց գիտական զեկույցի սահմաններում կարելի է ամեն ինչ բացահայտել:
Իսկ նույն թեմայով հոդված գրելու դեպքում, բանալի բառերը հետևյալն են` «Խորքային պետություն», «անհաղթահարելի ուժ», «սովետական ԿԳԲ-ի մնացուկներ», «կոմսոմոլի վերածնունդ», «հավաքագրման տեխնիկա ու մեթոդներ», «հեղափոխական Կամազներ», «կայսերականության սպասարկուներ», «ծայրագավառային կատարածուներ», «ցեղասպանություն և էթնիկ զտումներ», «ռուս-թուրքական պոստմոդեռնիստական գործարք», «ծուղակային ֆեմինիզացիա», «պետականության հարաբերականացում»:
Ի դեպ, լավ միտք է հենց Ազգային ժողովում նման լսումներ կազմակերպելը: Խոստանում եմ հանդես գալ հիմնական զեկույցով` վերոնշյալ բանալի բառերի կիրառմամբ:
Սա պաշտոնական առաջարկ է»:
ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկն անհրաժեշտ է համարում մանրակրկիտ վերանայել ՆԱՏՕ-ն: Այս մասին նա գրել է Х սոցցանցի իր էջում, փոխանցում է Russian Mirror-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքից և սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա կազմակերպությունից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չկրեն սեփական անվտանգության համար:
«ՆԱՏՕ-ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի», - գրել է Մասկը:
Այս կերպ է նա մեկնաբանել սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը, որը գրելով, որ սառը պատերազմն ավարտվել է, ՆԱՏՕ-ն անվանել էր «անախրոնիզմ»:
Հունվարի 23-ին վիրտուալ ձևաչափով ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5 %-ին:
ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունումը:
«Իհարկե, հայերն իրենք և մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները: Մենք տեսել ենք շատ երկրների փորձը, որոնք դրվել են երկար հերթի մեջ... հերթ, որը կարելի է տասնամյակներով չափել», - ասել է նա:
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրել է նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդունվել է 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։ Նա այս մասին ասել է CNN Turk-ին՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
«Մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս գործընթացում պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է... Ամեն դեպքում, այդ միջանցքը կանցնի այնտեղով», - ասել է Ուրալօղլուն։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, սակայն առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:
Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է: 51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ադրբեջանը հստակ ծրագիր է իրականացնում. նա Հայաստանին դիտելու է որպես ագրեսոր, որովհետև մենք ասել ենք Արցախ չկա, Նիկոլ Փաշինյանը գնացել, ստորագրել է և դուրս մղելով Արցախին, Արցախի գործոնը վերացնելով ամբողջ պատասխանատվությունը Հայաստանը վերցրել է իր վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Հետեւաբար, այդ տարածքներում ամբողջությամբ եղել է Հայաստանի իշխանությունների ղեկավարությամբ իրականացված գործընթաց, և այս ամբողջ պատասխանատվությունը պատերազմի հետ կապված ուղղվելու է Հայաստանին և Հայաստանի իշխանություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա նորից Ադրբեջանը կսկսի դիմել Ինտերպոլին եւ կոնկրետ մարդկանց պահանջել:
«Ադրբեջանից ձայներ են հնչում, որ այդ դատավարության մեջ նաև ուզում են ունենալ Հայաստանի աջակցությունը, որ դրվագներ կան, որոնք լիարժեք բացահայտելու համար Հայաստանի աջակցության կարիքը կա: Այսինքն մարդիկ են ուզում, որ գնան այնտեղ վկայություն տան, մեղադրյալներ կան, որ պետք է ընդգրկվեն, որոնք դատվող 16-ի մեջ չեն: Սա լուրջ պրոցես է, որը նոր-նոր սրանք պիտի հասկանան, թե ինչ ավեր են գործել, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց Ռուստամյանը:
Դրամաշնորհներով աշխատող և Բրյուսելի ու Վաշինգտոնի տերերի ցանկությունները կատարող արևմտամետ քաղաքական գործիչների դարաշրջանն ավարտվում է։ Russian Mirror-ի փախանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը։
«USAID–ի դրամաշնորհները սպառվում են: Սեփական պատմությունն ու երկիրը ծախելու պատրաստ քաղաքական գործիչներին փոխարինելու են գալիս հայրենասեր քաղաքական գործիչները: Նրանք ռուսամետ կամ «այլամետ» չեն: Նրանք իրենց երկրի, իրենց ժողովրդի, իրենց պատմության և իրենց յուրաքանչյուր օրվա կողմնակիցներն են։ Եվ դա հիանալի է», – ընդգծել է Չերնիշովը։
Ես կարող եմ ասել, որ խոսքը չի կարող ժողովրդի մասին գնալ և ես դրա մասին երեկ էլ եմ ասել, բայց այդ մասերը բաց են թողնում, կենտրոնանում են այն մասերի վրա, որը ձեռնտու է դրա շուրջ ինչ-որ բաներ են կառուցում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը:
«Երեկ էլ եմ ասել՝ շատ ու շատ մարդիկ կռվել են և շատ ու շատ մարդիկ իրենց կյանքերն են զոհել, խոսքը դրա մասին չէ: Իսկ թե ում մասին է, բոլորը շատ լավ հասկացել են: Ինչ վերաբերում է Շահրամանյանին, նախ թող պատմի՝ ինքը ոնց է իր ախրանիկներով կարողացել դուրս գալ, իսկ մնացած գործընկենրեը չեն կարողացել դուրս գալ, ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել: Երկրորդը, եթե ինքն ինձ հարց ունի, նամակների բաժին կա Աժ-ում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը և միգուցե կարող է և պատասխանեմ, բայց որևէ այլ ձև մեկնաբանելու կարիք չկա»,- ասաց նա:
Հարցին՝ զղջո՞ւմ է իր երեկվա ասածների համար, Սիմոնյանն ասաց. «Ինչ վերաբերվում է զղջալուն, ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չեմ ասել: Ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք վերադառնում էին ոչ թե Ղարաբաղից այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա իրենց տները, որոնք ուզում էին վերադանռալ իրենց ասաբնյակները Հայաստանում կառուցած, որոնք վերադառնում էին ու իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենց ապագան ու Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց երկրից դուրս գալու հետ: Վստահեցնում եմ՝ այն մարդիկ որոնց մասին ես խոսել եմ, իրենք հասկացել են»:
Ապա Սիմոնյանը հայտարարեց, թե պաշտոնյաները ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում, այն ժամանակ աշխատավարձը վերցնում էին մեր մոտից, դուրս էին գալիս և Հայաստանի իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս:
«Լույսի փողը մենք վճարում էինք, իրենք ասում էին Հայաստանը մեզ ոչինչ չի արել, չի կարելի, չէ՞: Չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է իմ ասածն էմպատիա չի առաջացնում, բայց իմ ասածը ճիշտ է եղել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անուններ տալուն, Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ու նույնիսկ պարտականություն ունի և երբ ժամանակը գա անուններ էլ կտա, բայց, նրա խոսքով, անունների կարիք էլ չկա:
«Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Մենք չենք ուզել, որ Ղարաբաղը դատարկվի: Երեկ ես ինչի՞ ջղայնացա, որովհետև լրագրողը եկել է, ինձ ասում է՝ ե՞րբ ենք վերադառնալու: Պետք չէր Ղարաբաղը դատարկել, պարզ է ես չեմ ասում կանայք և երեխաները պետք է մնային այնտեղ յաթաղանը գար մորթեր, սրա մասին չէր խոսքը: Այդ լոլոն որ ուզում են հանրությանը ներկայացնել, չի անցնելու: Ես ասում եմ՝ ոնց է ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով ավտոմատն ուսին, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով, մեկ օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և տեղահանում: Այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, Ղարաբաղը պատերազմի առաջին իսկ օրվանից դատարկելու ցանկություն ունենալը, Ղարաբաղը հայաթափեց ի վերջո»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ պահանջում ենք Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի ժողովրդից և ԱԺ բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, որ նրանք մնան Մայր Հայաստանում:
Իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե արցախցիները պետք է մնային Արցախում, կռվեին, պայքարեին: